Թույլիկ ֆունկցիոների դժբախտությունը

Jan 13, 2016 Comments Off on Թույլիկ ֆունկցիոների դժբախտությունը

Օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հրապարակեց նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին։

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մեր իրականությունում շատերն են արժանացել, արդարացիորեն քննադատվել կամ մեծարվել:

Բայց Էդվարդ Նալբանդյանին առհասարակ մեդալով պարգևատրելը, մասնավորապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, խոսում է այդ նախարարի` այլ նշանակալի գործերով չզբաղվելու ու ընդամենը կազմակերպչական հարցերում ինչ-որ դերակատարության ունենալու մասին: Մինչդեռ առանց նրա «ջանքերի» էլ ՀՀ ԱԳՆ-ի տարբեր բաժինները կարող էին «կազմակերպել» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Վստահաբար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Նալբանդյան Էդվարդի կանչով ու հորդորով չէին ժամանել Երևան ապրիլի 24-ին, ու եթե նա համարձակվեր դա անել, Պուտինն ու Օլանդը ամենայն հավանականությամբ չէին էլ գա, որովհետև Հայաստանի արտգործնախարարն այն կշիռն ու ազդեցությունը չունի, որպեսզի որևէ երկրի նախագահի հրավեր ուղարկի ու ակնկալի պետությունների ղեկավարների այցելությունը:

Ինչ վերաբերում է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների այլ դրվագներին Նալբանդյանի ակտիվ մասնակցությանը, ապա դրա համար պարգևատրելը ՀՀ նախագահի կողմից նույնն է, թե օդաչուին ամեն թռիչքից հետո կամ վիրաբույժին յուրաքանչյուր վիրահատությունից հետո պատվոգիր ու շքանշան հանձնելը:

Առհասարակ, երկրների արտգործնախարարները գնահատվում են դիվանագիտական դաշտում արձանագրած կոնկրետ հաջողություններով, թեկուզ այդ աշխատանքը կարող է որոշ ժամանակ անհայտ լինել հասարակությանը:

Բայց, Էդվարդ Նալբանդյանն այն գործիչն է, որի գրեթե ութամյա գործունեությունը չի նշանավորվել Հայաստանի համար որևէ ազդեցիկ հաջողությամբ: ԵՄ-ի հետ չորսամյա բանակցությունները մեկ օրում հօդս ցնդեցին և Հայաստանը հետ կանգնեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, որը բացի վնասներից` դեռ որևէ քաղաքական, առավելևս` տնտեսական օգուտ չի տվել գոնե մեկ հայ ձեռներեցի:

Ի՞նչ աշխատանք է տանում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ում` ընդդեմ հակահայկական քաղաքականության…

Ի՞նչ աշխատանք է տանում Էդվարդ Նալբանդյանն, օրինակ, կանխելու Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինելու քաղաքականությունը: Այս հարցն, իհարկե, հռետորական է, քանի որ Ռուսաստանն այն երկիրն է, որը Նալբանդյանի համար գրեթե մայր հայրենիք է, իսկ «մայր Ռուսաստանի» իշխանության ամեն մի քայլ արդարացնելու համար Նալբանդյանը պատրաստ է երկար-բարակ պարզաբանումներ տալ, միայն թե որևէ «թթու» խոսք չհնչի Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ, թեկուզ դա կվերաբերի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, որոնք այս ընթացքում բազմաթիվ անգամներ հակասել են Հայաստան պետության շահերին:

Կամ` բառացիորեն օրերս հայ ժողովուրդը ստացել է երթական հարվածը` «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանից. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում համարում է ցեղասպանություն, իսկ որպես օրինակ բերել է Օսմանյան Թուրքիան ու հայտարարել, թե այդ ժամանակ քրիստոնեական փոքրամասնություններին ոչ ոք չի ոչնչացրել: Ինչու՞ է լռում Էդվարդ Նալբանդյանը…

Ինչու՞ է լռում Էդվարդ Նալբանդյանը, երբ Ադրբեջանը Հայաստանի սահմաններն է կրակի տակ պահում, ու չի համարձակվում մի քանի տողանոց հայտարարությամբ ՀԱՊԿ-ից համապատասխան արձագանք ակնկալել:

Այս ինչուները կարելի է շարունակել ու արձանագրել` Էդվարդ Նալբանդյան` ոչ նախաձեռնող, ոչ ազդեցիկ, թույլիկ, «խեղճ ու կրակ» ու Պուտինին «հանկարծ չնեղացնող» ֆունկցիոներն իրականում դժբախտություն կհամարվեր ցանկացած երկրի համար ԱԳ նախարարի պաշտոնում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: