Պերմյակովին տրված հնարավորությունները ու Կոստանյանի խոստումը. փաստաբանը նկատեց

Jan 13, 2016 Comments Off on Պերմյակովին տրված հնարավորությունները ու Կոստանյանի խոստումը. փաստաբանը նկատեց

«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի անց գործի շրջանակներում հարցերն ավելի ու ավելի են շատացել: Քրեական գործի ոդիսականը որոշվել է  ավելի շատ քաղաքականության, քան արդարադատության ոլորտում»,-հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի հետո,  նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ կասկած հայտնելով՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունակ է ինքնուրույն գործել:

«Ֆուտբոլային լեզվով ասած՝ այս գործի շրջանակներում մենք թույլ տվեցինք, որ ռուսական կողմը զրկի մեզ ինքնուրույն գործողություններից, նույնիսկ մի շարք ինքնագոլեր գրանցեցինք: Ինչ վերաբերում է գործով արտագնա դատական նիստ անցկացնելու որոշմանը, ապա այն ապօրինի է, քանի որ այդ իրավանորմը թույլ է տալիս արտագնա նիստ կազմակերպել բացառապես ՀՀ իրավասության ներքո գտնվող տարածքներում։ Դատական նիստը ռուսական ռազմաբազայի տարածքում իրականացնելը նման է ուրիշի պատերի ներսում հարսանիք անելուն»,-նկատեց  փաստաբանը՝ ընդգծելով , որ ռուսական միջավայրում հայկական արդարադատությունն անկաշկանդ գործել պարզապես չի կարող:

Նորայր Նորիկյանի խոսքով` ՀՀ իրավապահ մարմինների մեկամյա աշխատանքը պետք է գնահատել անթույլատրելի և սխալ:

«Հայաստանն այս ընթացքում չկարողացավ իրականացնել իր գործիքակազմերը, հանցագործության առաջին օրերին ՀՀ իշխանությունների գործողություններում նկատելի էին ցայտնոտն ու իրավիճակային քայլերը։ Մինչդեռ առավել քան հստակ է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը պետք է պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ մինչ այդ՝ դատական բոլոր նիստերը պետք է տեղի ունենան հայաստանյան դատարանում»,- նշեց փաստաբանը հավելելով. «Հնարավորություն տրվեց Պերմյակովին հայտնվելու ՌԴ զորքերի իրավազորության տեսադաշտում եւ հանձնվելու ՌԴ ներկայացուցիչներին:Հնարավորություն տրվեց ռուսական ռազմաբազայի զինծառայողներին մինչեւ ատամները զինված շրջելու Գյումրիում եւ « որոնելու» հանցագործությունը կատարող անձին»:

Փաստաբանի խոսքով՝ թույլ տրվեց, որ հայտնաբերվելուց հետո Պերմյակովը տեղափոխվի ռուսական ռազմաբազա: «Դուք կարո՞ղ եք վկայակոչել համաշխարհային պրակտիկայից մի դեպք, երբ դատարանն իր պետության գերբը եւ դրոշն ամրացնի մեկ այլ պետությանը պատկանող տարածքի սենյակի պատին եւ իր պետության անունից արդարադատություն իրականացնի: Պատկերացրեք, ՌԴ-ին պատկանող ռազմաբազայում ՀՀ անունից հրապարակվելու է դատավճիռ, ՌԴ քաղաքացու վերաբերյալ»,- նշեց Նորիկյանը:

Փաստաբանն ասուլիսի ավարտին նաև նկատեց, որ հանցագործության առաջին օրերին «տղամարդու խոսք» տալու փոխարեն ՀՀ գլխավոր դատախազը ճիշտ կաներ՝ հստակ գործողությունների դիմեր:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: