Դաժան սպանդի չբացահայտված կետերը.փաստաբանը պահանջում է

Jan 13, 2016 Comments Off on Դաժան սպանդի չբացահայտված կետերը.փաստաբանը պահանջում է

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունվարի 12-ին Հայաստանը ցնցվեց Գյումրիում իրագործված Ավետիսյանների ընտանիքի սպանդի լուրից:

Հունվարի 12-ին՝ ժամը 10-ի կողմերը, հարևանուհու դուստրը Ավետիսյանների դուռը բաց էր գտել, պատուհանները՝ ջարդված։ Մտել, տեսել էր, որ գնդակահարված են ընտանիքի 6 անդամները, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին տարել էին հիվանդանոց։ Հարևանուհին 6։20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել:

Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին , որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Հանցագործությունը կատարվել էր վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։ Շարժառիթները պարզ չէին, տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել էր։ Ավելի ուշ պարզվեց հանցագործի ինքնությունը. նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն էր։

«Առաջին ակնկալիքը, որ ունեմ շարունակվող դատավարությունից՝ դա այն է, որ ցանկանում եմ դատական նորմալ պայմաններ ապահովեն: Իրավապահ մարմինները պետք է բարենպաստ պայմաններ ապահովեն նորմալ դատաքննության համար, որպիսի գոնե այս փուլում պատկերացում ձևավորվի, որ այստեղ իրական արդարադատություն է իրականացվում և ոչ թե ինչ-որ ընթացիկ պրոցեսներ են»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանդի մեղավորի՝  Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությանը՝ ասաց Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Նախորդ դատական նիստը ցույց տվեց, որ գոնե տեխնիկական առումով պատրաստված չէին դատական նիստին: Դատարանը պայմանները չապահովեց, չնայած սա այն դեպքն է, որ փաստաբանները չպետք է որևէ բան պահանջեն կամ պարտադրեն : Պետք է ի սկզբանե այդ կամքը դրսևորվեր իրավապահ մարմինների կողմից և իրենք էլ իրականացնեին»,-նշեց պաշտպանը:

Սարգսյանը անդրադառնալով անցած մեկ տարվա ընթացքում  դեպքի շրջանակներում կատարված գործողություններին  փաստեց, որ դատավարության մեջ դեռևս չբացահայտված, մութ կետեր կան ու դրա հիմքում  ընկած է նախաքննության հենց սկզբում ստեղծված իրավիճակը. «Նախաքննության սկիզբն էր , հանցագործությունը կատարելուց հետո տեղի ունեցող իրադարձություններն էին, որ Պերմյակովին հայտնաբերեցին ոչ թե մեր իրավապահները, այլ Ռուսաստանի Դաշնության զինվորականները: Սա ամենաբացասական երևույթն էր, որին հաջորդեց բացասական իրադարձությունների շարանը: Եթե մենք հայտնաբերեինք Պերմյակովին, ապա այսքան խնդիրներ չէին ծագի: Կան հանգամանքներ, որոնց համար այս պահին միջնորդում ենք պահանջել ռուսական կողմից»,-ընդգծեց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը առաջիկա դատավարությունից ակնկալում է, որ ամբողջությամբ պարզաբանվի կատարվածը, ամեն բան լինի բաց տեքստով, բացահայտվեն բոլոր չբացահայտված հանգամանքները: Տուժողի իրավահաջորդները գոնե ինչ-որ չափով իրենց հանգիստ զգան:

Պաշտպանը ընդգծում է, որ ռուսական կողմի ճնշումը կայացել է նրանում, որ որոշ փաստեր, որոնք կարևոր էին քրեական գործի համար գտնվում էին իրենց մոտ:

Երեմ Սարգսյանը գործում միակ դրական տեղաշարժը համարում է այն, որ դատաքննական պրոսեցը իրականացվելու է Հայաստանում:

«Չի բացառվում, որ գործի հետ կապված ամբողջական նյութերը ստանալուց հետո մենք այլ դիրքորոշում ունենայինք: Եղածի շրջանակում դրական ելք էր, որ գործը տրամադրվեց հայկական կողմին: Մենք ունեինք իրավիճակ, երբ արդեն անհնար էր թվում գործը հայկական կողմին տրամադրելու հնարավորությունը»,-եզրափակեց Երեմ Սարգսյանը:

Լուսինե Ղազարյան

Yerem-Sargsyan

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: