Ինչո՞ւ է լռում Վեհափառը

Jan 12, 2016 Comments Off on Ինչո՞ւ է լռում Վեհափառը

 

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին «Ռոսսիյա 1» հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին և ըստ էության Հայոց ցեղասպանությունը հերքող հայտարարություն արել:

Հարցազրույցի ժամանակ Կիրիլը խոսել է Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի, քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունների մասին: Նրա խոսքով՝ Սիրիայում, Իրաքում և այլ վայրերում քրիստոնյաները այսօր ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել. «Քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերությունները անամպ չեն եղել պատմության մեջ, մենք գիտենք, որ եղել են և՛ բռնի հավատափոխության դեպքեր, և՛ Բյուզանդիայի քրիստոնեական տարածքների գրավումներ, բայց եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում»։

Մերձավոր Արևելքում ընթացող նրեկա իրադարձությունները պատրիարք Կիրիլը համարել է ցեղասպանություն՝ դրանք հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա։

Այսինքն՝ ստացվում է, որ Կիրիլը 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայ, ասորի և հույն ժողովրդի նկատմամբ կատարած ոճրագործությունը ցեղասպանություն չի համարում: Մի կողմ թողնենք այն, որ այդ մոտեցումը հակադրում է Ռուսաստանի՝ Հայոց ցեղասպանության հանդեպ արտահայտած պաշտոնական քաղաքականությանը, քանի որ Ռուսաստանի Պետդուման ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Եկեղեցին սովորաբար ունենում է իր ինքնուրույն քաղաքականությունը, որը խորքային առումով շատ ավելի հզոր ու ազդեցիկ է, քան պետական կամ կայսերական քաղաքականությունը:

Համայն Ռուսիո պատրիարքը բնականաբար տեղեկատվության կամ պատմության իմացության պակաս չէր կարող ունենալ, և հատկապես Օսմանյան կայսրության օրինակը մատնանշելը չափազանց խորհրդանշական է ռուս-թուրքական ներկա լարված հարաբերությունների ֆոնին: Տեսականորեն չի կարելի բացառել, որ Կիրիլի հայտարարությունը հատուկ միտում ունի՝ հատկապես Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցի համատեքստում կոնկրետ վերաբերմունքի դրսևորում է:

Իրական վիրավորանքն այս դեպքում ոչ այնքան Կիրիլի արած հայտարարությունն է, որքան մեր կողմից այդ խայտառակությունը ընդունելու արժանապատիվ կեցվածքը:Երեկ ամբողջ օրվա ընթացքում հայ հանրությունը իրավացիորեն արտահայտում էր իր վիրավորանքը Ռուսիո պատրիաքի հայտարարությունից, գնահատականները տարբեր էին և հասկանալիորեն էմոցիոնալ: Իսկ ի՞նչ էին  անում հայոց եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոսն այդ ընթացքում: Հավատացյալ հոտը նրանցից ակնկալում էր արձագանք. մենք այդպես էլ չիմանացանք՝ մեր հայրապետը այդ հարցի առնչությամբ գոնե վրդովմունք արտահայտե՞լ է, գոնե հեռախոսազրույց այդ թեմայով Կիրիլի հետ ունեցե՞լ է: Համենայն դեպս Մայր Աթոռը նոտայով հանդես չեկավ: Փոխարենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար տեր Վահրամ Մելիքյանը Ֆեյսբուքում հրապարակեց Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը, որն ի դեպ ոչ ո՛չ Ռուսաստանի ուղղափառ, ո՛չ Հայաստանի Առաքելական եկեղեցու պաշոտնական կայքերում այդպես էլ տեղադրված չէ: Ըստ  տեր Վահրամի ներկայացրած պարզաբանման՝ ռուսական կողմը կատարվածը փորձել է ներկայացնել որպես թյուրընկալում: Փորձ է արվում ներկայացնել, թե Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին և հետևաբար նրա բերած օրինակը վերաբերում է հենց վերջին տարիների և ոչ թե 100 տարի առաջ կատարված իրադարձություններին: Իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը չի փոխվել:

«Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ օրինակ է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին. Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, նախորդ տարի Երևան ռուսական եկեղեցու պատվիրակության այցը` մասնակցելու հիշատակման միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին: Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում»,- նշված է մեկնաբանության մեջ:

Այդ կարգի պարզաբանումը, մեղմ ասած, լուրջ ընդունել չի կարելի, և տարօրինակ է, որ մեր եկեղեցին այն համարել է հիմնավոր: Իրականում, եթե խոքը Օսմանյան կասրությանն առնչվող օրինակին է վերաբերում, ապա այդ պետությունը առաջին  համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1923 թվականին, վերացել է, և ստեղծվել է Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես հայաջինջ սուլթան Աբդուլ Համիդը, ով ավելի քան 300 հազար հայերի սպանություն է կազմակերպել, այնպես էլ  նրա հետնորդ երիտթուրքերը, ոքվեր 1,5 մլն հայեր են ոչնչացրել, եղել են Օսմանյան Թուրքիայի պարագլուխներ: Հետևաբար քրիստոնյա  որևէ հոգևոր առաջնորդ իրեն չէր կարող թույլ տալ Օսմանյան կայսրությունը իբրև դրական օրինակ մատնանշել՝ քրիստոնյաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հայ առաքելական եկեղեցին՝ իբրև ցեսասպանություն վերապրած ազգի հոգևոր կենտրոն, պարտավոր էր այս մտահոգությունը արտահայտել:

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: