Իշխանության միակ հույսը սա՞ է

Jan 12, 2016 Comments Off on Իշխանության միակ հույսը սա՞ է

Հայաստանի իշխանություններն այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում Հայաստան ժամանած օրենքով գողերի հետ, բայց կարծես թե մոռացել են, որ երկու շաբաթ անց
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկման է դրվելու երկու հակահայկական զեկույցները, որոնք ԵԽԽՎ լիակատար նիստերի օրակարգ են մտել անցած տարեվերջին, ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության լիակատար անգործության արդյունքում: Զեկույցներից մեկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցն է, մյուսը` Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցը:
Դեռեւս անցած տարի հայկական պատվիրակության, կամ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության տապալումից հետո անգործության մատնված պատվիրակներն ու նրանց երկրպագու բազմաթիվ քաղաքական գործիչներ թեպետ կատարվածի ողջ մեղքը բարդեցին քաղաքակիրթ Եվրոպայի եւ ի մասնավորի ԵԽԽՎ-ի ուսերին՝ նրան մեղադրելով Ադրբեջանի նավթադոլարների գայթակղություններին չդիմադրելու եւ ադրբեջանական կողմին <<վաճառվելու>> մեջ, բայց ներքուստ իշխանության բարձր օղակներում նույնիսկ սթափվեցին, նկատելով, որ անհեռանկար քաղաքականության հետեւանքով Հայաստանի արտաքին դիվանագիտությունն ու քաղաքականությունը հասել են անդունդի եզրին: Թերեւս այդ նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ մի քանի կոնսուլտացիոն հավաքներ նախաձեռնվեցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ խորհրդարանականների հետ, փակ հանդիպման թեմաններից մեկն էլ մամուլի տեղեկություններով հակահայ երկու զեկույցների ընդունումը կանխելուն միտված հարցերի քննարկումն էր: Իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները միաբերան հայտարարեցին, որ այդ զեկույցների վերաբերյալ հարցը լինելու է իշխանության կենտրոնական օրակարգում եւ միահամուռ պայքար ու աշխատանք է տարվելու ընդդեմ դրանց ընդունմանը:
Հունվարի 26-ին կմեկնարկի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, բայց կանխարգելիչ քայլեր կարծես թե չեն նկատվում: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները գործի են անցել դիվանագիտական բոլոր ուղղություններով եւ բոլոր խողովակները զբաղեցրել արդյունքի հասնելու համար, սակայն չեն ցանկանում այդ մասին բարձրաձայն ասել, բայց
այս դեպքում որեւէ տրամաբանություն չկա, ինչու պետք է թաքցնեն այդ մասին: Հակառակ դեպքում քննադատություններն ավելի մեղմ կլինեն եւ հանրությունը կտեսնի, որ գոնե աշխատանքներ են տարվել:
Այս պահին միակ հայտնի <<կանխարգելիչ միջոցառումն>> այն է, որ Հայ դատի եվրոպական գրասենյակը  ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ ԵԽԽՎ հակահայկական զեկույցների:Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում են լսումներ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցների շուրջ: Այդ երկու զեկույցները ներառում են տարբեր ձևակերպումներ, որոնք հակասում են այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշմանը:

Մի՞թե Սերժ Սարգսյանը եւ ՀՀ իշխանությունները հույսը դրել են ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների վրա, որոնք բանախոսում են տարբեր երկրների պետական մարմինների հետ, զբաղվում հայկական լոբբինգով։ Այնուամենայնիվ գաղտնիք չէ, որ նման գործողությունները արդյունավետ են միայն պետական աջակցությամբ՝ կազմակերպականից մինչեւ ֆինանսական։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է վատնում արտասահմանում իր երկրի քարոզչությունը կազմակերպելու համար։ Մի՞թե մեր դիվանագետների միակ հույսը սփյուռքահայերի կամավորական լոբբինգն է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: