Պուտինի ասած իրավունքից ունեն նաև ղարաբաղցիները

Jan 12, 2016 Comments Off on Պուտինի ասած իրավունքից ունեն նաև ղարաբաղցիները

Անցած շաբաթ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի մասին խոսելիս կարևորել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և համոզված պնդել է, որ Ղրիմի ակցիան իրականացնելիս Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերը չեն խախտել. «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի»,- ասել է Պուտինը և համեմատական տարել Կոսովոյի հետ՝ «եթե Կոսովոյի բնակչությունը ինքնորոշման իրավունք ուներ, և այս մասին ժամանակին բարձրաձայնում էին արևմտյան լիդերները, ինչո՞ւ նման իրավունք չունի Ղրիմի բնակչությունը»,- ասել է նա:

«Ինձ համար Ղրիմը տարածք չէ, այլ երկուսուկես միլիոն մարդկանց ճակատագիր: Դա ասելով՝ ես հասկանում եմ միլիոնավոր մարդկանց, ովքեր վախեցած էին Ուկրաինայում պետական հեղաշրջումից»,- հայտարարել է Պուտինը և հավելել, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին արդար որոշում էր․- Ի՞նչ ենք մենք արել, չենք պատերազմել Ղրիմում, կրակոցներ չեն եղել, և ոչ մի մարդ չի զոհվել՝ ոչ մի զոհ: Մենք օգտագործել ենք մեր ռազմական ուժերը միայն նրա համար, որ զսպենք Ղրիմում գտնվող Ուկրաինայի շուրջ 20 հազար զինվորներին, որպեսզի նրանք չմիջամտեին, և բնակչությունը հանրաքվեին ազատ մասնակցելու իրավունք ունենար: Ղրիմի բնակչությունը որոշել էր միանալ Ռուսաստանին»:

Ճիշտ է ասում Պուտինը, իսկապես Ղրմիմում ապրողները, ովքեր հիմնականում ռուսներ են իսկապես իրավունք ունեին ՌԴ-ին Ուկրաինային անջատվելու և ՌԴ-ին  միանալու որոշում կայացնել: Պուտինը մատնանշած որոշումը, սակայն, չի կարող վերաբերել բացառապես Ղրիմի ժողովրդին: Պուտինը վստահաբար նկատի է ունեցել, որ դա բացարձակ իրավունք է բոլոր ազգերի ու ժողովուրդների համար: Ավելի պարզ՝  Պուտինի ասած իրավունքից ունեն նաև ղարաբաղցիները, ովքեր դեռ 25 տարի առաջ են հանրաքվե արել ու որոշել, որ անկախանում են այն ժամանակ դեռ սովետական Ադրբեջանից և այսօր էլ հանրաքվեով շատ հանգիստ կարող են միանալ Հայաստանին:

Նախադեպը միջպետական հարաբերությունների շատ կարևոր սկզբունքներից է: Հատկապես կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂՀ խնդրի կարգավորման յուրօրինակ լուծում է առաջարկել: Պուտինը շատ կարևոր հայտարարություն է արել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, որը պետք է անպայման օգտագործել ԼՂՀ կոնֆլիկտի բանակցություններում և հետևողական լինել, որ այդ սկզբունքը դառնա հիմնարար մոտեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որի համանախագահներից մեկն էլ Ռուսաստանն է: Հայկական կողմը պետք է անընդհատ բարձրաձայնի հենց Պուտինի մատնանշած Ղրիմի և Կոսովոյի  նախադեպերի մասին: Այս երկու դեպքում ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ազգերի ինքնորոշման իրավունքը գործեց, և եթե Պուտինն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի  առաջնորդները իսկապես իրավունքի և ոչ թե երկրի ստանդարտի ջատագով են, ապա պետք է ճանաչեն ԼՂՀ անկախությունը, և դա առաջինը պետք  է անի հենց Ռուսաստանը: Այլապես մենք  ստիպված ենք արձանգրել, որ առաջին մեծ երկերեսանին ու երկակի ստանդարտով առաջնորդվողը մեծն Վլադիմիր Վլադիմորվիչն է:

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: