Մահացածների թիվը վեցն է. նոր մանրամասներ խոզի գրիպի մասին

Jan 12, 2016 Comments Off on Մահացածների թիվը վեցն է. նոր մանրամասներ խոզի գրիպի մասին

«Ընդհանուր առմամբ մահացածների թիվը վեցն է, որոնց բոլորի մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը։ Այսօր սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է, որոնց մեջ կան թեթև և բարդացված վիճակում գտնվող հիվանդներ։ ՀՀ-ում այսօր ընդհանուր թվից վերակենդանացման բաժանմունքներում են 77 հիվանդներ, 11-ը միացված են արհեստական շնչառական սարքին, նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։ Հիվանդներից մեկը ծննդկան է, որն ամենօրյա հսկողության տակ է և չունի H1N1 վիրուսը»,-  հունվարի 11-ին Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով՝  ներկա  դրությամբ ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, կա սուր շնչառական վիրուսների տարածման բարձրացում, կան H1N1 տեսակի վիրուս և սովորական թոքաբորբեր։

«Տարվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հիվանդությունների տարածումը, բարձրացումն ընկճվի, զարգացում չլինի, չլինի բռնկում ու համաճարակ։ Իսկ համաճարակն ու բռնկումը տերմիններ են, որոնք օգտագործվում են համապատասխան թվերի առկայությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաճարակ չկա, բայց զգոնության կարիք կա»,-ընդգծեց փոխնախարարը։

Փոխնախարարը ընդգծեց, որ հատուկ ուշադրության կենտրոնում են  հիվանդ հղիները։

«Ամենահասարակ նշանի դեպքում հոսպիտալացրել ենք, որպեսզի հետագայում խնդիր չունենք։ Այս պահին հանրապետությունում ունենք սուր շնչառական հիվանդություն ունեցող 101 հղի»,-փաստեց փոխնախարարը։

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: