«Պետք է պոկվեն գեներալների պագոնները…»/տեսանյութ/

Jan 12, 2016 Comments Off on «Պետք է պոկվեն գեներալների պագոնները…»/տեսանյութ/

«Հակառակորդին հասցված խոցումը պետք է շատ ավելի ուժեղ լինի, քան կա և պետք է զինվորների անվտանգությունը երաշխավորվի»,- հունվարի 11-ին «Հայելի» ակումբում հրավիրված  ասուլիսի ժամանակ՝անդրադառնալով սահմանային լարվածությանը ասաց  ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը:

Արշակյանը համոզված է, որ գործող իշխանությունների համար այդքան էլ կարևոր չէ զինվորի կյանքը:

«Պետք է վերժխնդրության չափը մեծանա, մենք չպետք է ըմբռնումով մոտենանք, նրանք պետք է հասկանան, որ կրակոցը ծանր հետևանք կունենա: Մեր հասարակությունը պետք է կոշտ վերաբերմունք ունենա նաև մեր իշխանության նկատմամբ, սահմանին յուրաքանչյուր զոհը պետք է պաշտոնանկությունների բերի: Իրենց համար աթոռից թանկ բան չկա, եթե զոհը իր աթոռն է, ամեն գնով կգնա կպաշտպանի»,- ասաց Արշակյանը:

Արշակյանը արձանագրում է, որ անտարբերությունը արդեն անտանելի է ու այն դրսևորվում է, ինչպես արտագաղթի դեպքում, այնպես էլ սահմանային իրավիճակում. «Ամեն մի զինվորի կորուստը պետք է սնանկացնի պետությանը, ամեն զինվորի մահով պետք է պաշտոնանկություններ հաջորդեն: Գեներալների պագոնները պետք է պոկվեն ամեն մի սպայի զոհվելու կապակցությամբ: Եթե այդպես չի, ուրեմն մեր երեխաները թնդանոթի միս են դարձել որոշների համար: Մեր հրամանատարությունը պետք է սարսափի»,- փաստեց քաղաքական գործիչը:

Ազատ Արշակյանը նշեց, որ երբ «նայում ես ցուցակներին, թե ովքեր են կրակի տակ ծառայություն անցնում, հասկանում ես, որ հարուստներն այս երկրի համար միայն հիվանդ և ոչ պիտանի երեխաներ են ունենում»:

ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանն էլ արձանագրում է, որ սահմանի կրակոցների առումով, մինչև այսօր Հայաստանը իրեն միջազգային նորմերին համապատասխան է պահել, սակայն արդեն մենք պետք է մարտավարությունը փոխենք.«Մեր զինվորը պետք է այնքան մարզված լինի, որ դիվերսիաներրին կարողանանք դեմ գնալ, որ կարողանանք հնարավորինս քիչ զոհեր տալ»,-ընդգծեց Եղիազարյանը:

Աստղիկ Ավագյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: