«Խեղճ» Ալիև

Jan 12, 2016 Comments Off on «Խեղճ» Ալիև

Ալիևի «երգը» նույնն է

Հունվարի 9-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Ոսկանյանը։ Իսկ Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, տեղեկացրեց ԼՂ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանը, փաստացի, անցնում է լարվածությունը կրկին թեժացնելու քաղաքականությանը, և սա կանխատեսելի էր` դեկտեմբերին Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: Բանակցություններում միջնորդների հորդորները` շփման գծում նվազեցնել լարվածությունը չի բխում Ադրբեջանի շահերից:

Ավելին, միջնորդները սպասում են Ադրբեջանի պատասխանին` սահմաններում միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ստեղծման շուրջ, իսկ Բաքուն հետևողականորեն չի համաձայնում այդ գաղափարին:

Ինչ է մնում Ալիևին, քան անցնել շփման գիծը կրկին թեժացնելը… Կարևորը, որ դրա համար Ալիևը ունի մշտական «արդարացումներ»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, և նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ բնույթ է կրել», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նա հավելել է, թե պատճառն այն է, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, այլ ձգտում է, որքան հնարավոր է երկար պահպանել «ստատուս քվոն», չի ցանկանում հեռանալ «օկուպացված հողերից»:

Փաստորեն, Ալիևն առաջին անգամ անդրադարձ կատարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին կայացած հանդիպմանը, և ինչպես միշտ` նա դժգոհ է և մեղադրում է հայկական կողմին: «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորմանը, բնականաբար, դա միջնորդների պարտականությունների մեջ է մտնում: Բայց ցավոք ոչ մի լուրջ ճնշում օկուպանտի վրա չի գործադրվում»:

Նա կառավարության նիստում հայտարարել է, թե 2015-ին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը:

Ալիևի վախերը

Ալիևի նախագահությամբ անցկացված նիստում ամփոփվել են երկրի 2015-ի սոցիալ-տնտեսական արդյունքներն ու նաև անդրադարձել առաջիկա խնդիրներին:

Ալիևն ընդունել է, որ նավթի գնի անկումն ու մանաթի արժեզրկումը ազդեցություն են թողել Ադրբեջանի տնտեսության վրա, սակայն ասել է, թե, այնուամենայնիվ, տնտեսական աճ է գրանցվել, սոցիալական ծրագրերը չեն կրճատվել, իսկ երկրի բնակչությունը ավելացել է 114 հազարով: Ըստ նրա բերած թվերի՝ Ադրբեջանի տնտեսությունում 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել:

«Նավթից կախվածությունը նվազում է: Բայց մենք պետք է նվազագույնի հասցնենք այն, որպեսզի ապագայում կախում չունենանք նավթի գներից»,- ասել է նա` առաջնային խնդիր համարելով նաև ներդրումների ծավալի մեծացումը: Ալիևը նաև նշել է, որ 2015թ. Ադրբեջանում ներդրվել է 20 միլիարդ դոլար, որի կեսը բաժին է ընկնում օտարերկրացի ներդրողներին:

Տարածաշրջանային խնդիրներից նա անհանգստություն է հայտնել ռուս-թուրքական և Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների լարվածության աճի կապակցությամբ: Ալիևն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի մոտիկ հարևաններն են, ու նրանց միջև ստեղծված իրավիճակը անցանկալի է: Իսկ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այդ իրավիճակը ազդեցություն է թողնում մահմեդական աշխարհի վրա:

«Անցյալ տարի սրվեցին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: Բնականաբար, դա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ երկու երկրներն էլ մեր հարևաններն են, բարեկամները, և նման իրավիճակն անցանկալի է մեզ համար»,- ասել է Ալիևը` հավելելով. «Այդ վիճակն ազդում է մուսուլմանական աշխարհի իրադարձությունների վրա»,- նշել է նա: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանին առհասարակ անհանգստացնում է «միջքաղաքակրթական թյուրըմբռնումը»:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարումից ամենամեծ վնասներն, անշուշտ կարող է կրել Ադրբեջանը, ու Ալիևը, դա շատ լավ գիտակցում է: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները նրան պարտավորեցնում են «ծանր» օրերին մեկին հավատարմություն հայտնել, իսկ Ալիևը դա չի կարող անել, մյուսին` չնեղացնելու համար:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: