Ինչքա՞ն է պետք տիկին Հրանուշին՝ երջանիկ լինելու համար

Jan 11, 2016 Comments Off on Ինչքա՞ն է պետք տիկին Հրանուշին՝ երջանիկ լինելու համար

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ արդեն 15 տարի չի կարողանում բնակարան գնել և մինչև հիմա ապրում է իր ծնողների տանը: «Շքեղ չէի ասի, բայց հարմարավետ մի բնակարան պետք է լինի, մի ննջասենյակ, մի աշխատասենյակ գոնե պիտի ունենամ, չէ՞… Իմ ծնողների տունը Այգեձորում է, ես այնտեղ ապրել եմ ամբողջ կյանքս, ինձ համար հարազատ են այդ թաղամասերը… ես հայտարարում եմ, որ խնայված միջոցներով առայժմ բնակարան չեմ կարողացել գնել: Ես 2000 թվականից իմ աշխատավարձը կուտակում եմ: Իմ դասախոսական գումարով առօրյա հոգսերն եմ հոգում, իսկ դա պահում եմ, որպեսզի բնակարան գնեմ: Կոպեկ առ կոպեկ իմ ունեցվածքը մեկնաբանողներին կարող եմ ցույց տալ՝ որտեղից են այդ գումարները կուտակվել: Հիմա բանկային տոկոսներն են ինձ օգնում, ես հույս ունեմ` բնակարանի 1քմ-ի գինը էժանանա, այդ ժամանակ էլ  կգնեմ»,- ասել է տիկին Հայկոբյանը:

«Ժողովուրդ» թերթի 2015 թվականի ապրիլի 18-ի համարում հրապարակվել էր տեղեկատվություն Հրանուշ Հակոբյանի գույքի և եկամուտների մասին: Քանի որ ուրիշի փողերը հաշվելը ըստ էության շատ վատ բան է, միանգամից ասենք, որ տեղեկատվությունը հրապարակել է տիկին նախարարն անձամբ՝ ի կատարումն օրենքի պահանջի: Եվ այսպես. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար՝ ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով: Մնացած 2 մլն 220 հազ, դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է իբրև փոխառություններից (պարտքով տրված գումարներից) և վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին:

Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո և 26 հազ. 881 դոլար»: Այսինքն եթե մեկ տարվա ընթացքում տիկին Հրանուշի աշխատավարձից ստացած եկամուտը 10 մլն դրամ է կազմել, և եթե իսկապես տիկին նախարարը, ինչպես ինքն է ասում՝  կոպեկ-կոպեկ հավաքում է իր աշխատավարձը, ապա 15 տարվա ընթացքում այդ թիվը կարող էր նվազագույնը 10 անգամ ավելի մեծ լինել, որը առավել քան բավարար էր նախարարի հարազատ թաղամասում 3-4-սենյականոց  հարմարավետ բնակարանի համար: Ըստ համացանցում տեղ գտած տների առք ու վաճառքի տարբեր հայտարարությունների /օրինակ՝ http://www.list.am/item/3963025/՝Երևանի Այգեձոր թաղամում 3-4-սենյականոց կահավորված և վերանորոգված նորակառույց բնակարանների արժեքը տատանվում է 125-180 հազար դոլարի սահմանում: Այսինքն՝ տիկին Հրանուշին հենց այդքան է պետք՝ երջանիկ լինելու համար:  Բայց ինչո՞ւ է նա պնդում, որ ինքը կոպեկ-կոպեկ հավաքած աշխատավարձով այդպիսի խնայողություն չունի: Հավանաբար կոմսոմոլի շկոլան անցած տիկին Հրանուշին թվում է, թե եկամուտները միշտ պետք է գաղտնի պահել, որովհետև լրագրողները անընդհատ կհարցնեն՝ որտեղի՞ց Ձեզ այդ գումարը: Տիկին Հրանուշը հավանաբար դեռ չի ընտելացել ազատ շուկայական հարաբերությունների պահանջներին, որտեղ աշխատող մարդուն թույլատրելի է ունենալ ամեն ինչ՝ ոչ միայն մեկ, այլ նաև երկու տուն, մի քանի մեքենա ու ամառանոց, բիզնեսների մասին էլ չենք խոսում: Ճիշտ է, իբրև պետական պաշտոնյա, տիկին Հակոբյանը իրավունք չունի բիզնեսով անձամբ զբաղվել, բայց նա շատ հանգիստ կարող է սեփականատեր կամ բաժնետեր լինել: Այս նրբությունները տիկին նախարարը իհարկե քաջ գիտի, ավելին Հայաստանը այնքան փոքր երկիր է, որ բոլորը միմյանց մասին համարյա ամեն ինչ գիտեն: Ընդամենը պետք է հասկանալ, որ պրոլետարիատի էժանագին ձևականությունների ժամանկները վաղուց անցել են: Մեր օրերում նույնիսկ շատ վատ է, երբ պատկառելի տարիք ու փորձ ունեցող մարդը, ով իրեն համարում է կայացած գործիչ, առ այսօր նույնիսկ մի բնակարան չի ստեղծել՝ գոնե հիփոթեքով:

Եվ վերջապես չմտածե՞ց Հրանուշ Հակոբյանը, որ Զարուհի Փոստանջյանը մի օր պետությանը Ստրասբուրգում դրա համար էլ խայտառակ կանի, վեր կկենա ու կասի՝  Հայաստանի նախարարի 15 տարվա աշխատավարձը չի բավականացնում մի բնակարան ձեռք բերելու համար:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: