Թուրք-իրանական լարում է հասունանում

Jan 11, 2016 Comments Off on Թուրք-իրանական լարում է հասունանում

Միջնորդ դառնալու Թուրքիայի փորձը դատապարտված է ձախողման

ճգնաժամը Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում սպառնում է բացասաբար ազդել տարածաշրջանի մուսուլմանական երկրների վրա։

Իրանում մամուլը Թուրքիայի նախագահ Էրդողանին է մեղադրում հայտնի շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի համար: Հիշեցնենք, Շեյխ Ալ-Նիմրը մահապատժի էր ենթարկվել Սաուդյան Արաբիայում հունվարի 2-ին, ինչից հետո Իրանի և արաբական մի շարք երկրների հարաբերությունները խիստ լարվեցին:

Թուրքիայի նախագահը հրաժարվել էր դատապարտել կատարվածը՝ երկու խոշոր սուննի մեծամասնությամբ պետությունների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավման ֆոնին: Դրանից բացի Էրդողանը մահապատժից օրեր առաջ էր այցելել Էլ-Ռիյադ ու բանակցություններ վարել Սալման թագավորի հետ, ուստի իրանական մամուլը կապ էր շոշափել այս իրադարձությունների միջև:

Թուրքիան կանչել է Իրանի դեսպանին՝ պահանջելով դադարեցնել հաղորդագրությունների հրապարակումը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցը կապում են թագավորությունում մահապատիժների հետ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի պետական կառույցներին մոտ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք մեր նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցը կապում են այդ երկրում մահապատիժների հետ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Էրդողանը Սաուդյան Արաբիա էր այցելել դեկտեմբերի վերջին, իսկ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է 47 մարդու մահապատժի մասին, այդ թվում՝ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի:

Սակայն Իրանը հերքել է Թուրքիայի պնդումները՝ իր դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ նշելով, որ դա եղել է դեսպանի սեփական ցանկությամբ: Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե թուրքական կողմի հայտարարությունը «սուտ է»: Համաձայն աղբյուրի՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին ինքն է խնդրել հանդիպել, որպեսզի բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ բացատրություն տալու իրանական մամուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցելության վերաբերյալ տեղեկությունների վերաբերյալ։

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների նորմալացման գործում միջնորդ դառնալու Թուրքիայի հնարավոր փորձը դատապարտված է ձախողման՝ կարծում է թուրքական Star պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերի փորձագետ Ահմեթ Թաշգետիրեն։ Իրանը չի ընդունի Թուրքիայի այդ նախաձեռնությունը, քանի որ երկուսի միջև կան լուրջ տարաձայնություններ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով՝ Trend-ի հետ զրույցում ասել է Թաշգետիրեն։

Էրդողանը սկսել է «քաղաքացիական պատերազմ»

Մինչ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների սրման ֆոնին Թուրքիան նոր «խաղեր» է նախաձեռնում` շարունակվում է քննադատությունը այսօրվա Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքի առիթով:

Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առանց որևէ անհրաժեշտության կասեցրել է քրդերի հետ խաղաղ կարգավորումը, հակամարտության հավելյալ օջախ է ստեղծել Մերձավոր Արևելքում և այժմ պետք է պատասխան տա դրա համար։ Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1990-ական թվականների սկզբի սարսափելի ժամանակները, երբ քրդերի հետ պատերազմը թեժ ժամանակներում էր։ Թուրքական բանակը երկրի հարավ-արևելքում դրսևորում է անհամաչափ դաժանություն, զինվորները չեն հասցնում տեղափոխել սպանվածների դիակները։ Մյուս կողմից էլ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) պատանդներ է վերցնում, բարիկադներ է կառուցում և սպանում է նրանց, որոնք չեն ցանկանում անցնել իր կողմը։ Էրդողանի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է այնքան, «քանի դեռ չեն ոչնչացվել բոլոր ահաբեկիչները»։

Դա արատավոր շրջանակ է, որը խախտելը շատ բարդ է, և տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է Էրդողանի վրա, որը ընտրությունների շեմին սկսել է «քաղաքացիական պատերազմ»՝ իր կողմ գրավելու համար ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին։ Եվրոպան պետք է, հատկապես, շահագրգռված լինի արյունահեղության դադարեցման համար, և պետք է ճնշում գործադրի Էրդողանի վրա։ Սակայն ԵՄ-ի առաջնորդները վերջին շրջանում վախենում են քննադատել Անկարային, քանի որ Թուրքիան նրա ու փախստականների միջև միակ «սահմանային կետն» է։

Ինչպե՞ս է Թուրքիան վերադառնում դեպի եվրաինտեգրման ուղի

Թուրքիայի համար զարգացման առաջնահերթություն պետք է լինի Եվրամիության մեջ ինտեգրումը, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Խոսելով ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած գիտական համաժողովին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից վերջին տասնամյակում արձանագրված զարգացումը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ԵՄ անդամակցության գործընթացի: «Մենք շնորհակալ ենք այդ գործընթացի համար և կարծում ենք, որ այն անհրաժեշտ է վերակենդանացնել, քանի որ այն միակ ճանապարհն է օրենքի գերիշխանության, ժողովրդավարության և ամուր պետականության կառուցման համար», – հայտնել է Շիմշեքը:

Վերլուծաբանների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն շեղվել էր նախկինում դեպի ԵՄ բռնած իր ուղուց` վտանգելով երկրի ներսում ժողովրդավարությունն ու կայունությունը: Նախկինում Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Էթյեն Մահչուփյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է հասկանալի լինել իր երկրի քաղաքացիների համար: Մահչուփյանը հրաժարական տվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915թ. հայերի կոտորածը ցեղասպանություն էր: «Մարդիկ ակնկալում են, որ կառավարությունը երկու ոտքի վրա կքայլի, որի մեկ ոտքն ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ մյուսը՝ բնակչության համար դրական քայլերը», – նշում էր Մահչուփյանը: Իսկ Ամերիկյան Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերն ընդգծում է, որ ներկայումս Թուրքիայի համար կարևորագույն խնդիրը պետք է լինի կայունության պահպանումը: «Կայունության խնդիրը առաջնահերթ ուղղությունն է լինելու», – ավելացնում է Ուոքերը:

Փախստականների ճգնաժամի հետևանքով, այսպիսով, ԵՄ երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունները կրկին սերտացան, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ուղի: Իհարկե, Թուրքիայի բոլոր հարևանները, այդ թվում և Հայաստանը կշահեին` սահմանակցելով կայուն և զարգացած ԵՄ անդամ Թուրքիայի հետ, բայց արդյոք Էրդողանի Թուրքիան այն պետությո՞ւնն է, որը համամարդկային արժեքների կրող է:

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: