Զիմնը զենք ծախող չէր. ազատամարտիկը ՔԿՀ-ում հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Jan 09, 2016 Comments Off on Զիմնը զենք ծախող չէր. ազատամարտիկը ՔԿՀ-ում հացադուլ և ջրադուլ է հայտարարել

«Զիմնը հրաշք տղա է: Վիրավորված, արյուն տված, էս ինչ վիճակ է, բոլոր կռված տղերքը` տեռորիստ են»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:

Ազատամարտիկը զարմանում է, թե գործող իշխանությունը ինչ խնդիր ունի` լեգենդար «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկների հետ, որոնք իրենց հերոսությունը ի ցույց են դրել թշնամու առաջ` մարտի դաշտում:

«Զիմնը ոտքից վիրավորվեց, արտակարգ հայրենասեր է ու հիմա միայն հացադուլ չի հայտարարել, այլ նաև ջրադուլ: Ինքը պինդ ու ճիշտ մարդ է ու վստահ է իր քայլի մեջ»,-նշեց Սուսաննա Մարգարյանը:

Նշենք, որ հանցավոր խմբի վնասազերծման շրջանակներում մոտ մեկ ամիս է, կալանավորված է ազատամարտիկ Հարություն Կնյազի Սարիբեկյանը` Զիմ մականունով:

Զիմնին ձերբակալել են Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով:

Ազատամարտիկի առողջական վիճակը վատ է: Պատերազմի տարիներին նրա կողքին կռված ընկերները զայրացած են:

Ազատամարտիկը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, սակայն հրաժարվում է բուժօգնությունից, պահանջելով իրեն ազատ արձակել: Նա պնդում է, որ ոչ մի կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ;

Հարություն Սարիբեկյանի շահերը այսուհետ կպաշտպանի  փաստաբան Արա Զաքարյանը, որը պաշտպանում է նաև 6 տարի 6 ամիս պատժաչափով դատապարտված ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի շահերը:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: