Համաճարակն ու արձակուրդները խնդիրներ են առաջ բերում

Jan 10, 2016 Comments Off on Համաճարակն ու արձակուրդները խնդիրներ են առաջ բերում

Հայաստանի հանրակրթական հաստատություններում սուր շնչառական վիրուսների տարածման պատճառով դասերը կմեկնարկեն մեկ շաբաթ ուշացումով՝ հունվարի 11-ի փոխարեն հունվարի 18-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հունվարի 7-ին գրել էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Իսկ հաջորդ օրն արդեն եղավ նաև ԿԳՆ պաշտոնական հայտարարությունը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը՝ տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից>>,- իր էջում գրել է Աշոտյանը՝ հավելելով, որ ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչև ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։ Ոչ պետական հաստատություններին առաջարկվել էր առաջնորդվել նույն աշխատակարգով։

Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են,  ուստի առողջապահության նախարարը նպատակահարմար է գտել ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել կրթության և գիտության նախարարությանը: Նույն հիմքով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները ևս երկարաձգվել են մինչև հունվարի 18-ը:

Համաձայն առողջապահության նախարարության տվյալների, հունվարի 8-ի դրությամբ, գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հոսպիտալացվել է 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան: Նրանցից 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվել է թոքաբորբով հիվանդների վիճակը, իրականացվող բուժումների ընթացքը, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակը: Զեկուցվել է, որ զորամասերում բարվոք վիճակ է։

Նշվում է, որ Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Իսկ շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինակները կաշխատեն ժամը 10-17-ը։

Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ հունվարի 8-ին արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խումբը, նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հերթական խորհրդակցություն է անցկացրել  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ապա նաև համայցեր կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

            Նախարարին ներկայացվել են բժշկական տարբեր կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվել նրանց բուժման հետագա ռազմավարությունը:

   Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ այս պահին կան ութ հիվանդներ, որոնց միացված են արհեստական շնչառության սարքեր: Նախարարը  հավաստիացրել է, որ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ՝ հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար: Արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին: Արմեն Մուրադյանը կոչ է արել բնակչությանը՝ վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա, և չզբաղվել ինքնաբուժմամբ:

   Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում: Ընդհանրապես տոնական օրերին բուժհիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով,  ծանրաբեռնված է աշխատել շտապօգնության ծառայությունը, որը միայն Երևանում օրական կտրվածքով սպասարկում է շուրջ 900 կանչ:

Փաստորեն, հանրապետությունում առկա է համաճարակային իրավիճակ, դժբախտաբար գրիպի վարակի դեպքերի բարդության հետևանքով արձանագրվել է նաև քսանամյա հղի կնոջ մահվան դեպք:

Ուսումնական հաստատությունների արձակուրդների երկարաձգումը, սակայն, այս դեպքերում հազիվ թե հարցի լիարժեք լուծում ապահովի: Մի կողմից սա գուցե առողջապահական տեսանկյունից առաջին կարևոր քայլերից մեկն է, մյուս կողմից էլ, սակայն, լրացուցիչ խնդիրներ է հարուցում: Օրինակ՝ մանկապարտեզներում արձակուրդների երկարաձգման դեպքում աշխատող ծնողները հայտնվում են անելանելի կացության մեջ, որովհետև եթե նրանց երեխաները չեն հիվանդացել, հետևաբար պոլիկլինիկան ծնողին անաշխատունակության թերթիկ չի տալիս: Այդ դեպքում ծնողը ստիպված է անհարգելի բացակայել աշխատանքից, քանի որ երեխային պահող պարզապես չունի: Հայաստանի ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր աշխատավայրերում դեռևս չի ձևավորվել այնպիսի մշակույթ, որ երբ համաճարակային կամ որևէ այլ արտակարգ իրավիճակով պայմանավորված  ուսումնական արձակուրդներ են հայտարարվում, ապա համակարգված մոտեցում ցուցաբերվի նաև երեխաների խնամելու խնդրի վերաբերյալ: Գուցե այս դեպքերում  ծնողներին արտահերթ վճարվող արձակուրդ տրամադրելու համակարգ ներդրվի:

Դավիթ  Մանուկյան 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: