Վայքում ավազակային հարձակման հեղինակը կին է. ուշագրավ մանրամասներ

Jan 08, 2016 Comments Off on Վայքում ավազակային հարձակման հեղինակը կին է. ուշագրավ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վայք քաղաքի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը կին է, 32 տարեկան, ով իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ավազակային հարձակում է իրականացրել իր համաքաղաքացու նկատմամբ:

Նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու մեղադրյալը ճանաչել են միմյանց, գտնվել լավ փոխհարաբերությունների մեջ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական խնդիրների պատճառով գործով մեղադրյալ Լ.Մանուկյանի ընտանիքն ունեցել է որոշ դժվարություններ՝ վարկային պարտավորությունները պատշաճ կատարելու հետ կապված։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ին վարկային կազմակերպության կողմից ստացել է զգուշացում, և Լ.Մանուկյանը որոշել է վաճառել իր ոսկյա կրծքազարդը՝ պահանջվող գումարը վճարելու համար։

2015 թվականի հոկտեմբերի 6-ին նա այցելել է գործով տուժողին՝ առաջարկելով գնել իր կրծքազարդը, սակայն վերջինս հրաժարվել է ձեռք բերել 5 գրամ կշռով ոսկյա զարդը՝ պատճառաբանելով, որ պարզ չէ դրա պարունակությունը։ Գտնվելով հյուրասենյակում՝ Լ.Մանուկյանը նկատել է տուժողի սեղանի վրա դրված ոսկյա զարդերը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Լ.Մանուկյանն իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, որպեսզի իրեն չճանաչեն, իր բնակարանից նախապես վերցնելով կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ՝ գնացել է տուժողի բնակարան, ում տան մուտքի մոտ դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները և դանակը ձեռքին՝ թակել է նրա բնակարանի դուռը: Վերջինս բացել է դուռը, իսկ Լ.Մանուկյանը, հրելով նրան, ապօրի նի մուտք է գործել բնակարան:

Քննությամբ պարզվել է, որ Լ. Մանուկյանը հարձակվել է Զ.Ավագյանի վրա, ձեռքին գտնվող դանակը պահել վերջինիս պարանոցի շրջանին և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել է հանձնել ոսկյա զարդերը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Լ. Մանուկյանը չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ օգնության են հասել հարևանները:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ կիրառվել է գրավ:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: