Ծեծկռտուք Ջավախքում հայերի և թուրքերի միջև

Jan 10, 2016 2 Comments

Ջավախքում Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի անցակետի բացումից հետո թուրքերի անցուդարձը նկատելիորեն ավելացել է: Հատկապես Կարծախում այժմ ավելի շատ պատահում են թուրքական, քան թե տեղական համարանիշերով ավտոմեքենաներ: Կարծախ-Աքթաշ-Չլդըր մաքսակետի բացումից հետո հարակից շրջանների թուրքերը ազատ ելումուտ են անում Վրաստանի հայաբնակ բնակավայրերը և հաճախակի կերուխումի սեղաններ պատվիրում Ախալքալաքի ռեստորաններում: Ջավախքում տարածված խոսակցությունների համաձայն՝ այդպիսի կերուխումերից մեկը դեկտեմբերի վերջին հայերի և թուրքերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Մի խումբ թուրք տղամարդիկ  տեղական ռեստորաններից մեկում մինչև կեսգիշեր քեֆ-ուրախություն են արել, իսկ վերջում մտքներով անցել է <<աղջիկներ>> պատվիրել: Ռեստորանի տերը սկզբից փորձել է բացատրել, որ նման պատվեր իրենց մոտ չի կարող կատարվել, բայց հաճախորդները շարունակել են պնդել: Պատմությունը ավարտվել է նրանով, որ մի խումբ հայ երիտասարդներ շատ արագ <<կարգի են հրավիրել>> թուրքերին և նրաց հետ բացատրական աշխատանք տարել մի քանի դաստիարակչական ապտակներով:

Մեզ չհաջողվեց պարզել, թե այս միջադեպի մասին որքանով են տեղյակ Վրաստանի ոստիկանությունում, և արդյո՞ք դեպքը արձանագրված է իրավապահների կողմից: Տեղացիների պատմելով, սակայն, վրաց իրավապահները հակված չեն նման պատմությունների շուրջ աղմուկ բարձրացնել: Նրանք ընդամենը միջամտել են, որպեսզի Թուրքիայի քաղաքացիներն անվնաս հասնեն մինչև սահման: Ու թեպետ պաշտոնական լրահոսում այս մասին տեղեկատվություն չկա, սակայն անցակետի բացումից հետո սա այս կարգի երկրորդ միջադեպն է, և այս մասին բանավոր զրույցներում պատմում են գրեթե բոլորը:

Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի սկզբներին, անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակների վրա: Բերդի մի անկյունում է գտնվում կիսավեր նախկին մզկիթը, որի մի պատին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ և «Bir gün dönecegiz elbet» պանթուրքիստական գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»:

Գրությունն, իհարկե, արդեն մաքրված է, բայց այս կարգի երևույթները սկսել են մտահոգել տեղի հայերին:

Հիշեցնենք, որ վրաց-թուրքական սահմանի՝ Կարծախի անցակետը բացվել է նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին:

Տեղեկություններ կան, որ նախորդ տարվա նոյեմբերին, ինչպես նորաբաց Կարծախի անցակետից, այնպես էլ ավելի վաղ գործող Ախալցխայի շրջանի Վալեի սահմանակետից Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու փորձերը նկատելիորեն շատացել են: Սահմանը փորձել են խախտել բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք հիմնականում Սոմալիի և Թուրքիայի քաղաքացիներ են եղել:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ “Ծեծկռտուք Ջավախքում հայերի և թուրքերի միջև” հրապարակմանը