Պուտինին զգուշացնում են նաև Ղարաբաղի համար

Jan 10, 2016 Comments Off on Պուտինին զգուշացնում են նաև Ղարաբաղի համար

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կոչ է արել լրացուցիչ ամերիկյան ուժեր ուղարկել Եվրոպա և բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը, «որպեսզի նրանք օժտված լինեն առաջատար հնարավորություններով՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ Հոդվածն իրականացնելու համար» Ռուսաստանի ակտիվացման պայմաններում, ըստ «Aravot.am»-ի` հայտնել է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը:

«Եթե դիտարկենք Ռուսաստանի գործողությունները սկսած 2008 թվականից՝ Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում, իսկ այժմ՝ նաև Սիրիայում, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը Ռուսաստանին կոչում է ռևանշիստական, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառմանը, որպես ազգային հզորության գործիքի՝ իր նպատակներին հասնելու համար», – ասել է գեներալը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի օպերացիաներում, հավելել է նա, նշելով, որ վերջին քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ն իր ռազմական որոշումներում ղեկավարվել են Ռուսաստանին իրենց գործընկերը դարձնելու փորձերով:

Բրիդլավը հանդես է եկել Եվրոպա լրացուցիչ ռեսուրսներ և ռազմական կոնտինգենտ ուղարկելու օգտին, և դա արդեն սկսում է տեղի ունենալ: Այսպես, օրինակ, Իսպանիա է ժամանել չորրորդ էսկադրոնային ականակիրը, իսկ ԱՄՆ Ցամաքային զորքերը Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովում են մեկ բրիգադի չափով ստորաբաժանման ներկայություն, ասաց նա: Սակայն, դա շատ պարզունակ կլիներ, եթե միայն քանակապես մեծացվեր ներկայությունը, նշեց Բրիդլավը: 13 տարվա ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը կենտրոնացած է եղել Աֆղանստանում գրոհայինների դեմ պայքարին միացած այլ երկրների ուսուցման վրա: «Այն օրերից, երբ մենք իրականացնում էինք իրաքյան առաջին կամ երկրորդ, կամ Աֆղանստանի առաջին օրերի մասշտաբի ռազմաօդային արշավներ, արդեն բավականին ժամանակ է անցել, – ասել է Բրիդլավը:

«Մենք որոշեցինք, որ մեզ պետք է բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի օժտվենք 5-րդ Հոդվածն իրականացնելու առաջատար հնարավորություններով», – պարզաբանել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը: Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ Հոդվածում ասված է, որ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Ռուսաստանի գործողություններն արդարացնում են այդ որոշումն, ասել է գեներալը: Բրիդլավի խոսքով, նա չի կարող ասել, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանի նախագահ Պուտինն իր արդիականացված և վերապատրաստված զինված ուժերով. «Շատերը հարցնում են ինձ. «Ինչի՞ մասին է մտածում Պուտինը»: Կամ` «Ինչպե՞ս եք կարծում, ինչի՞ մասին է նա մտածում»: Ես վստահ չե՛մ, որ գիտեմ, թե ինչի մասին է նա մտածում, բայց ես տեսնում եմ, թե ինչ է նա անո՛ւմ, և դրանից էլ հետևություն եմ անում, թե մե՛նք ինչի մասին պետք է մտածենք»:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալի մեկնաբանությունները սենսացիոն կարելի է որակել, քանի որ, թերևս, առաջին անգամ նման պաշտոնյայի մակարդակով ՌԴ նախագահի գործողություններին ու ծրագրերին հակազդելու մասին հստակ հայտարարություն է արվում:

Բայց ավելի հետաքրքրական է, որ ամերիկացի պաշտոնյան հիշատակել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը` մատնանշելով նաև այնտեղ Ռուսաստանի գործողությունները 2008 թվականից:

Շատերը կարող են հարց տալ` իսկ ի՞նչ է արել Ռուսաստանը 2008-ից Ղարաբաղում:

Եթե հայացք ուղղենք վերջին 7 տարիներին, ապա կտեսնենք, որ ԼՂ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի քայլերը թե հետխորհրդային տարածքում, թե մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացում, եղել է ոչ միայն ապակառուցողական, այլև անկանխատեսելի:

Ռուսաստանը պարտավոր է ԼՂ հակամարտության գործընթացում լինել խաղաղության կողմնակից, բայց ինչպես է նա պատկերացնում խաղաղության հաստատումը, եթե զինում է Ադրբեջանին մի քանի միլիարդանոց պայմանագրերով: Գումարած` ռուս-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ ջերմացումը:

Իրականում, Վաշինգտոնը հասկացնել է տալիս, որ այլևս 2008-ի ռուս-վրացականի նման սցենարների կիրառումը Ռուսաստանի կողմից թույլ չի տալու, կամ գոնե դրանց հակազդելու և նախապատրաստվելու է, որպեսզի հարկ եղած դեպքում կանխարգելիչ քայլերի դիմի:

Իհարկե, ամերիկացի գեներալի գնահատականները վերաբերում են նախևառաջ  ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնցից մեկի վրա հարձակումը, ըստ Հյուսիսատլանտյան պայմանագրի, դիտարկվում է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Սակայն պարզ է, որ այսօրվա Ռուսաստանի քայլերը հետխորհրդային այլ երկրներում ևս, Միացյալ Նահանգներին, մեղմ ասած, արդեն «հունից հանել են»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: