Ալիևին Վաշինգտոնում լուրջ «գլխացավանք» է սպասում

Jan 10, 2016 Comments Off on Ալիևին Վաշինգտոնում լուրջ «գլխացավանք» է սպասում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Twitter-ի իր միկրոբլոգում համապատասխան գրառում է կատարել Նովրուզ Մամեդովը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ով պատասխանատու է արտաքին կապերի համար: Գագաթաժողովը կայանալու է Վաշինգտոնում:

Կգնա՞ արդյոք Ալիևը Օբամային հանդիպելու, երբ արդեն տևական ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ենթարկվում է աննախադեպ ճնշումների ու քննադատության, և իրավիճակն արդեն հասել է այն աստիճան, որ Ալիևը հուսահատությունից իր երկրի խորհրդարան է մտցնում ԱՄՆ-ի դեմ «պատժամիջոցների» ծիծաղելի նախագիծ:

Այն, որ Վաշինգտոն մեկնելու դեպքում Օբամայի կողմից Ադրբեջանի նախագահին «սթափեցնելու» գործիքներ կկիրառվեն, կասկած չկա: Ռուսաստան-Ադրբեջան ջերմ հարաբերությունները մի կողմից, մյուս կողմից ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն արդեն բոլորին է նյարդայնացնում: Գումարած ամենագլխավոր խնդիրը` Ադրբեջանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արժեքների կոպիտ խախտումները ու դեպի բռնատիրություն Ալիևի ռեժիմի հաստատուն քայլերը:

Այնպես, որ Ալիևը ԱՄՆ մեկնելու դեպքում լուրջ «գլխացավանքների» տակ է ընկնելու, եթե իհարկե, վերջնականապես որոշում կայացնի մեկնել Վաշինգտոն:

Իսկ մինչ այդ ամերիկացի նախկին պաշտոնյաները, փորձագետներն ու մամուլը շարունակում են անխնա քննադատել Ալիևի ռեժիմը:  Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Freedom House-ի նախկին ղեկավար, Մարդու իրավունքների ու ժողովրդավարության Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերն անդրադարձել է նաև տարածաշրջանում Ադրբեջանի դիրքին։

Կրամերին հարցրել են, թե ինչ է մտածում այն կապակցությամբ, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանոնավորապես կրկնում է, որ անկախ է, և որ ոչ ոք ու ոչինչ չի կարող ճնշում գործադրել իր վրա, և որ Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն»։

Ի պատասխան՝ Կրամերը հայտարարել է. «Եթե Ադրբեջանը գտնվեր այնտեղ, որտեղ որ Շվեյցարիան է, նման հայտարարությունները կհնչեին ավելի համոզիչ։ Սակայն երբ մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուս կողմում՝ Իրանը, ճիշտ կլիներ ասել, որ երկիրը գտնվում է բարդ տեղում և ոչ պարզ իրավիճակում։

Եվ եթե Ալիևը ցանկանում է իրեն հեռացնել Արևմուտքից, ինչը նա հաջողությամբ անում է, ապա դա նշանակում է միայն մեկ բան. Ռուսաստանն ու Իրանը կունենան ավելի մեծ ազդեցություն և ավելի մեծ ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Ինձ համար անկասկած է, որ նմանատիպ քաղաքականությունը սխալ և վտանգավոր է»,- ասել է նա։

Բաքվի անկախ վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կհանգեցնի Վաշինգտոնի աջակցության կորստին, ինչը կուժեղացնի Ռուսաստանից նրա կախվածությունը և կհանգեցնի անկախության թուլացմանը։ Գնահատելով այդ հեռանկարները՝ Կրամերը հայտարարել է. «Մաքուր աշխարհագրական տեսանկյունից Ռուսաստանից հեռանալն անհնար է, սակայն Ադրբեջանը կարող էր իր համար բացել ավելի մեծ հնարավորություններ՝ սերտ կապեր ունենալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Ադրբեջանի հարևաններն արդեն իսկ ընթանում են այդ ուղով, իսկ Բաքուն ժամանակ է կորցնում»։

Այսպես, Ադրբեջանի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը մնում է անփոփոխ` Ադրբեջանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն արժեքներ ու առաջնահերթություններ են, Ռուսաստանի իշխանությունների հետ Ադրբեջանի նախագահի բարիդրացիական հարաբերությունները:

Ծանր օրեր են սպասվում Ալիևին Վաշինգտոնում:

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: