ԼՂՀ-ին նվիրված փակ քննարկում ԱՄՆ Կոնգրեսում. բռնությունը հասել է գագաթնակետին

Jan 07, 2016 Comments Off on ԼՂՀ-ին նվիրված փակ քննարկում ԱՄՆ Կոնգրեսում. բռնությունը հասել է գագաթնակետին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 6-ին փակ քննարկում է կազմակերպել` նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել միանալ իրենց եւ հորդորել ԼՂՀ հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը հասել է գագաթնակետին: Ընդամենը մեկ ամիս առաջ մենք լսեցինք, որ Ադրբեջանը կիրառում է ծանր զրահատեխնիկա` կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը: Ինչպես Ուորլիքն է ասել, սա սառեցված հակամարտություն չէ, այլ մոռացված հակամարտություն է, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այդ պատճառով մենք առաջարկում ենք հեռացնել դիպուկահարներին առաջնագծից: Պետք է նաեւ հատուկ մենախիզմներ ներդնել: Սա պետք է արվի հնարավորինս արագ, որպեսզի վերջ դրվեն սպանություններին եւ պատերազմական գործողություններին»,- ասել է Էդ Ռոյսը:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը դեռեւս 2015 թվականի աշնանը նամակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կոչ էին արել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:

Փակ քննարկման մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի կեսերին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: