Ադրբեջանի կազմում նոր անկախ հանրապետություն է հռչակվել

Jan 07, 2016 Comments Off on Ադրբեջանի կազմում նոր անկախ հանրապետություն է հռչակվել

Ադրբեջանի կազմում նոր անկախ հանրապետություն է հռչակվել: Այս մասին հայտնում է Haqqin.az կայքը` գրելով, որ օրերս մի խումբ անձինք Բաքվի ծովածոցում գտնվող Բեյուկ-Զիրյա կոչվող ամայի կղզին հռչակել են Նարգինի հանրապետություն` կղզու հին անվամբ: Սա, ըստ լրատվամիջոցի, կարող է նոր գլխացավանք դառնա ադրբեջանցի դիվանագետների համար:
Նոր «հանրապետության» ստեղծողները նույնիսկ պաշտոնական կայք են բացել (http://nargin.is-best.net/), որտեղ ակտիվորեն կոչ են անում դառնալ նոր հանրապետության քաղաքացիներ: Կայքի այցելուներին տեղում առաջարկվում է լրացնել քաղաքացիություն ստանալու հարցաթերթիկը և հայտնվում, որ երկքաղաքացիությունն այդ երկրում չի արգելվում:
Ինչպես հայտնում են կայքի հեղինակները, Նարգինի հանրապետությունն ինքնահռչակվել է 2016թ-ի հունվարի 4-ին, չի ճանաչվել ոչ մի հարևան երկրի կողմից, առայժմ չունի սահմանադրություն և չեն անցկացվել ընտրություններ:
Իսկ թե ինչու է ստեղծվել նոր հանրապետությունը, դրա ստեղծողները նշում են, որ իրենց նման քայլի է մղել Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը, նավթային եկամուտների անկումը և շենգենյան վիզա ստանալու հետ կապված խնդիրները:
Նորաստեղծ հանրապետությունը հայտարարվել է ժողովրդավարական և դրա ստեղծողները խոստանում են ձայնի իրավունք տալ բոլոր քաղաքացիներին: Նարգինի հանրապետությունում զորակոչ և հարկեր չեն լինելու, իսկ գազը, ջուրը, էլեկտրաէներգիան լինելու են անվճար:
Իսկ ներաստեղծ երկրի դրոշի, զինանշանի ու հիմնի համար առաջիկայում նախաձեռնողները մրցույթ են հայտարարելու: Պաշտոնական կայքում նոր տեղեկություններ են տեղադրված հանրապետության աշխարհագրական դիրքի, Բաքվից հեռավորության ու նաև եղանակային պայմանների մասին:
«Այս ամենը առաջին հայացքից կարող է մանկական խաղ, կամ անհաջող կատակ թվալ,- գրում է haqqin.az-ը,-Եթե չլինեին «կատակասերների” հեռուն գնացող ծրագրերը»:
Իսկ ծրագրերը հետևյալն են. Նախաձեռնողները վկայակոչում են ՄԱԿ-ի 1952թ. դեկտեմբերի 16-ի հռչակագիրը, որը ինքնորոշման իրավունք է ընձեռում ազգերին ու ազգություններին: Նախաձեռնության հեղինակները նաև հայտարարում են, որ առաջիկայում դիմելու են հարևան բոլոր երկրների արտաքին գործերի գերատեսչություններին` նորաստեղծ երկրի ճանաչման խնդրանքով:
Հոդվածի հեղինակը, սակայն, հույս է հայտնում, որ Նարգինի հանրապետությունը երբեք էլ չի ճանաչվի այնպես, ինչպես աշխարհի նմանօրինակ տասնյակ միկրոպետությունները:
Բայց միայն նման նախաձեռնության փաստն ինքնին անհանգստացրել է հոդվածի հեղինակին, քանի որ, նրա խոսքով, «նման նախաձեռնությունը մի երկրում, որը երկար տարիներ անջատողականության խնդիրներ ունի, արդեն ուշադրության է արժանի, ընդ որում` ոչ միայն շարքային բնակչների կողմից»:
Փաստինֆո

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: