Հիվանդանոցում մահացած 20-ամյա Գրետայի հիվանդագիրն առգրավվել է

Jan 07, 2016 Comments Off on Հիվանդանոցում մահացած 20-ամյա Գրետայի հիվանդագիրն առգրավվել է

Հունվարի 2-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հղիության 26-րդ շաբաթում սուր թոքաբորբից մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հիվանդության պատմագիրն առգրավվել է հիվանդանոցից: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից: Գրետային բուժող բժիշկը դեռ ցուցմունք չի տվել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գրետայի հղիությունը հսկած գինեկոլոգ Գայանե Պետրոսյանը ևս թոքաբորբ է տանում: Առայժմ գործով ներգրավված մեղադրյալ չկա:

Ինչպես հայտնի է՝ հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի մահվան առթիվ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, և հարուցվել է քրեական գործ: Ըստ այդմ՝ քրգործը հարուցվել է Քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Գրետայի բժշկին սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:

2 օր առաջ Այղր լիճ համայնքում՝ նրա հայրական տան գերեզմանոցում կայացել է 20-ամյա Գրետայի հուղարկավորությունը:

Նշենք, որ մահացած երիտասարդ Գրետայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում բժիշկների անփույթ վերաբերմունքը: Հարազատները մամուլում ասել են, որ Գրետան Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին, որտեղ նրա մոտ ախտորոշել են գրիպոզ վիճակ, և միայն մի քանի օր անց, երբ վիճակը սրվել է, թոքերը ռենտգեն են արել ու հայտնաբերել սուր թոքաբորբ: Ըստ հարազատների՝ Գրետան հունվարի 2-ին մահացել է ուշացած բուժօգնության հետևանքով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: