Նոր մանրամասներ «Մուսալեռ» ռեստորանի դեպքից. տեսանյութ

Jan 06, 2016 Comments Off on Նոր մանրամասներ «Մուսալեռ» ռեստորանի դեպքից. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում պարզել են այսօր` հունվարի 6-ին Արմավիրի մարզի Մուսալեռ ռեստորանային համալիրում կատարված սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում է Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան 34 տան բնակիչ, նախկինում դատված 32-ամյա Արթուր Անատոլիի Բաբայանը: Վերջինս կասկածվում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանին սպանելու մեջ, ինչպես նաև Տարոնիկի գյուղապետ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանին հրազենով վնասվածք պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված հանցագործությունը կատարելու մեջ որոնվում են նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ , 43-ամյա Արմեն Պառավյանը և 42-ամյա Խորեն Խաչիկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Պառավյանը աշխատում է Անելիք բանկի Էջմիածնի մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Խ. Խաչիկյանը` բիզնեսմեն է:

Նշված հանցագործությունը բացահայտելու համար օպերատիվ քննչական խմբերը ղեկավարել են Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանը, Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Կարապետյանը և ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը: Կասկածյալ Արթուր Բաբայան Կասկածյալ Արմեն Պառավյան Կասկածյալ Խորեն Խաչիկյան Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Պարզվել էր, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արման Կարապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանը: Վերջինս հրազենային վնասվածք էր ստացել ձախ ազդրի շրջանում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել էր, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ: Վիրավոր Ա. Խլղաթյանը Տարոնիկի գյուղապետն է, իսկ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: