Բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ

Jan 06, 2016 Comments Off on Բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ

Ամփոփվեցին համայցերի արդյունքները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արագ արձագանքման աշխատանքային խումբը ներկայացրեց բժշկական հաստատություններ կատարած համայցերի արդյունքները, ինչպես նաև համաճարակաբանական վերջին տվյալները։

Նախարարին զեկուցվեց, որ հունվարի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։

Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ ռեկորդային թվով` 873 կանչ է ստացել, որից միայն 164-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով, իսկ 33-ը` թոքաբորբով։ 147 հիվանդ հոսպիտալացվել է։

Նախարարը հանձնարարեց ուժեղացնել համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։

Համայց կատարած մասնագետները նաև փաստեցին, որ Երևանի և մարզերի բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:

Եթե առաջնային օղակում բժիշկը «Տամիֆլյու» է նշանակել, ապա այն կարելի է ձեռք բերել հետևյալ դեղատներից`
«Անիս» – Մոսկովյան 8, հեռ` 58-31-19,
«Լավանդա» – Տիգրան Մեծ 17, հեռ.` 52-83-89,
«5+» – հասցեն` Էրեբունի 28, հեռ.` 43-95-15,
«Վագաֆարմ» – Զաքյան 10, հեռ.` 54-88-87,
«Ալֆաֆարմ» – Մաշտոց 23, հեռ.` 46-52-92 + 40-28 և Կիևյան 10, հեռ.` 46-52-92 + 40-78։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: