Ծննդկանին չեն կարողանում հիվանդանոց հասցնել. Ավազան գյուղից ահազանգում են

Jan 07, 2016 Comments Off on Ծննդկանին չեն կարողանում հիվանդանոց հասցնել. Ավազան գյուղից ահազանգում են

Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դարձել բազմաթիվ միջադեպերի, վթարների ու կատաստրոֆիկ իրավիճակների:
Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում ճանապարհները փակ են,ամբողջ գյուղը ձյան հաստ շերտի տակ է հայտնվել ու գյուղում խուճապային իրավիճակ է:
Հայելի.am-ի հետ զրուցում Ավազան գյուղի բնակիչ Ղազար Արշակյանը փաստեց, որ այս պահին գյուղում ծննդկան կա, ում չի հաջողվում հիվանդանոց տեղափոխել:
Համագյուղացիները փորձում են սեփական ուժերով ճանապարհը մաքրել, բայց դրա համար բավականին ժամանակ է հարկավոր:
« Ծննդկանը արդեն ցավեր ունի` տղա երեխայի է սպասում,ընտանիքը անհանգիստ է, նման դեպք չէր եղել: Ահավոր վիճակ է գյուղում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ձյուն մաքրող մեքենաները ուշանում են, իսկ բահերը անզոր են առատ ձյան առջև:
«Գյուղից չենք կարողանում դուրս գալ, Ավազանից դեպի Վարդենիս ճանապարհը փակ է, մոտ 80 մեքենա արգելափակվել է, չգիտենք ինչ պետք է անենք: Հարևան գյուղ Արփունքի և մի շարք այլ գյուղերի ճանապարհը ևս փակ է, մենք հայտնվել ենք վանդակում, չենք կարողանում հյուր գնալ, տանից դուրա գալ: Զանգել ու դիմել ենք փրկարարներին, բայց դեռ ամեն բան անորոշ է»,-ահազանգ հնչեցրեց մեր զրուցակիցը:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: