Գնդապետ Ջալալ Հարությունյանը`ջրօրհնեքի խաչքավոր

Jan 06, 2016 Comments Off on Գնդապետ Ջալալ Հարությունյանը`ջրօրհնեքի խաչքավոր

Հունվարի 6-ին` Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» Փրկչի ծննդյան բարի լուրը հավատավորներին փոխանցեց կաթողիկոսը` ի պատասխան ստանալով` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Սուրբ Պատարագին ներկա էին պետական բարձրաստիճան այրեր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավերևում պահում էին Հայ Առաքելական եկեղեցու բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Կոնվերս» բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց նաև Ջրօրհնեքի արարողություն: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: