Կրակոցներ և սպանություն՝ ԱԺ պատգամավորի ռեստորանում. կա զոհ. գյուղապետն էլ հիվանդանոցում է

Jan 06, 2016 Comments Off on Կրակոցներ և սպանություն՝ ԱԺ պատգամավորի ռեստորանում. կա զոհ. գյուղապետն էլ հիվանդանոցում է

Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արման Կարապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանը: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խլղաթյանը Տարոնիկի գյուղապետն է, իսկ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: