Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

Jan 05, 2016 Comments Off on Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

 Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվեց այսօր`հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո’ ժամը 17.00-ից։

Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։

Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։ Հունվարի 6-ին Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին’ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։ Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։

Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում’ տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։ Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է’ Մեռելոց։

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: