Մարմինը հոգուն հավասար պետք է ցնծա. Բագրատ Սրբազան

Jan 06, 2016 Comments Off on Մարմինը հոգուն հավասար պետք է ցնծա. Բագրատ Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ:
Այս առիթով Հայելի.am-ի թղթակիցը զրուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:
«Պահոց շրջանը սկսում է Սուրբ Ծննդյան նախօրեի շաբաթը և դրանից առաջ շաբաթներ` հիսուն օրը: Ընդհանրապես մեր եկեղեցում պահքը երեք շաբաթ է և Սուրբ ծննդյան նախօրեին` ամսի 30-ից սկսած պահքի շրջան է, որը ավարտվում է հունվարի 5-ի ճրագալույցին: Պահքը մենք լուծում ենք թեթև կերակուրներով` կաթով, մածնով, թեթև փլավներով և այլն: Սուրբ ծնունդը մարդկանց համար ուրախության տոն պետք է դառնա»,-մեկնաբանեց Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանը ընդգծեց, որ այդ օրը մարդիկ պետք է տոնեն հոգով և ամբողջ էությամբ.«Մենք պետք է տոնենք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով: Մեր մարմին էլ պետք է այդ տոնակատարությունը զգա: Ի վերջո մենք մարմին ենք ու Աստծո ստեղծագործությունը: Մարմինը պետք է հանդարտվի, խաղաղվի իր ներքին խոհականությամբ դիմավորելու աստվածային Մեծ ծնունդը և կարողանա այդ ծննդի խորհրդի մեջ տոնակատարություն անել : Այդպես են տոնել մեր հայրերը»:
Բագրատ Սրբազանը նշեց նաև, որ նախկինում այս տոնի առիթով գառնուկներ են մորթվել ու Սուր Ծննդյան խրախճանքներ են տեղի ունեցել: Արտերկրում վերջերս սկսել են նաև հնդկահավ պատրաստե. « Սրանք լավ սովորություններ են, որ մեր սեղանններից չպետք է բացակայեն` լինի խրամատում կամ մեր սահմանապահ ժողովրդի շրջանում, կամ այլ տեղ: Մեր միակ ցանկությունն է, որ մարմինը հոգուն հավասար ցնծա և փառաբանի ասելով` փառք Տիրոջը, երկրում խաղաղություն լինի և մարդկանց մեջ հաճություն»,-բարեմաղթեց Բագրատ եպիսկոպոսը:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: