Սուննիներն ընդդեմ շիա Իրանի

Jan 05, 2016 Comments Off on Սուննիներն ընդդեմ շիա Իրանի

Սուննի և շիա մահմեդականների միջև դարերով ընթացող պայքարը ծայր աստիճան սրվեց այս տարվա հունվարի 2-ին,երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրը: Սաուդյան Արաբիան հաշվի չառավ ո՛չ Իրանի, ո՛չ Ֆրանսիայի,ո՛չ Մեծ Բրիտանիայի,ո՛չ էլ ԱՄՆ-ի հորդորները՝մահապատժի չենթարկել շիաների մեջ մեծ համբավ վայելող հոգևոր քարոզիչ ալ-Նիմրին:

Ալ-Նիմրի մահապատժից հետո Իրանում և Բահրեյնում սկսված հակասաուդյան ելույթներին հակընդդեմ պաշտոնական Էր Ռիադը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ, որից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին նաև Բահրեյնը և Սուդանը:

Սուդանի հանցագործ նախագահ Օմար ալ-Բաշիրը,որին մեղադրում են Դարֆուրում 300 հազար մարդու սպանության մեջ,նույնիսկ վտարել է Իրանի դեսպանին Խարթումից: Իրենց աջակցությունը Էր Ռիադին Իրանի դեմ պայքարում հայտնել են նաև Յեմենը,Եգիպտոսը,Քուվեյթը և ՄԱԷ-ն: Այս ամենը նշանակում է,որ սուննի մահմեդականները,որոնց թիկունքում կանգնած է Սաուդյան Արաբիան բացեիբաց պատերազմ են սկսում շիա Իրանի դեմ:

Մինչ այժմ Թեհրանն ու Էր Ռիադը գերադասում էին պայքարել միմյանց դեմ տարբեր երկրներում սեփական դիրքերն ամրապնդելու համար իրենց կողմնակիցների միջոցով և չբախվել անմիջականորեն:

21-րդ դարի սկզբին՝2004 թ-ից Իրանի կողմից հովանավորվող շիա-հուսիները Յեմենի հյուսիսում սկսեցին պայքարել երկրի գործող իշխանությունների դեմ,որոնց պաշտպանում էր Սաուդյան Արաբիան:

Այս պայքարը վերածվեց պատերազմի 2014 թ-ի սեպտեմբերի 21-ից և շարունակվում է մինչը հիմա:Սաուդյան Արաբիան և նրա մանկլավիկները Յեմենում ցանկանում են երկիրը վերածել սաուդյան “գաղութի”՝հաշվի չառնելով բնակչության 40-45% կազմող շիա մահմեդականների կարծիքը: Էր Ռիադը նույնիսկ “սուննի” ռազմական կոալիցիա է ստեղծել շիա-հուսիների դեմ պայքարելու համար,որին միացել են այն նույն երկրները որոնք հիմա դիվանագիտական հարաբերություններն են խզում Իրանի հետ,սաուդիտներին աջակցության կոչերով են հանդես գալիս կամ հետ են կանչում իրենց դեսպաններին Թեհրանից:

Սրան ի հակառակ Սաուդյան Արաբիան և նրա “սուննի” կողմանկիցներ Քաթարը, Քուվեյթը, Թուրքիան, Հորդանանը և նրանց թիկունքում կանգնած ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 2011 թ-ի մարտից սկսեցին հակաալավիական և հակաշիական պատերազմը Սիրաիյում,որտեղ բնակչության մեծ մասը սուննի մահմեդականներ են,իսկ երկրի նախագահ Բաշար Ասադը ալավի է,որոնք շիաների հետ կազմում են երկրի բնակչության ընդամենը 18%-ը: Սուննիները Սիրիան վերածեցին ահաբեկիչների որճի, և մինչև հիմա պատերազմում են Ասադի դեմ,որին պաշտպանում է Իրանը և լիբանանյան “Հզբոլլան”:

Օգտվելով “արաբական գարնան” նախաձեռնած հնարավորություններից 2011 թ-ի փետրվարին Իրանը փորձեց գահընկեց անել Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆային և նրա տոհմին: Թեհրանը չի կարող ընդունել այն փաստը,որ 75% շիա մահմեդական բնակչություն ունեցող Բահրեյնը ղեկավարում են փաքրամասնություն կազմող սուննիները: Սակայն Իրանի կողմից հովանավորված հեղափոխությունը ձախողվեց: Սաուդյան Արաբիան զորքեր մտցրեց Մանամա և ճնշեց շիա երիտասարդների խռովությունը,և Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան պահպանեց իշխանությունը: Բահրեյնի արքային պաշտպանեցին նաև ԱՄՆ-ն և նրա եվրոպացի գործընկերները,որոնց համար անընդունելի էր Իրանի դիրքերի ուժեղացումը Պարսից ծոցի տարածաշրջանում:

“Սառը պատերազմն” Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև,որն ընթանում էր տեղաբնույթ պատերազմների տեսքով մահմեդական աշխարհի տարբեր վայրերում անցնում է պատմության գիրկը…”Սառը պատերազմը” վերածվում է “տաք պատերազմի”,որը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ:

Հավելեմ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև “պայքարում” կա նաև տնտեսական բաղադրիչ:

Հ.Գ.Շատ հետաքրքիր է, որ եթե սուննի մահմեդական երկրները պաշտպանում են այս պայքարում Սաուդյան Արաբիային,ապա Ադրբեջանը, որը շիա մահմեդական երկիր է՝ պաշտոնապես լռում է: Իսկ ալիևյան կայքերը չեն թաքցնում,որ համակրում են Էր Ռիադին: Անցյալ տարեվերջի “Նարդարանյան խռովության” մեջ Բաքում մեղադրում է Թեհրանին և շատ ուրախ է,որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վատթարացել են:

Գագիկ Համբարյանի գրառումը

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: