Պուտինը նոր հանդիպում է կազմակերպելու՞

Jan 06, 2016 1 Comment

«Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմամբ և հակամարտող կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որը հետխորհրդային տարածքի խնդիրների ու դրանց նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումների մասին է խոսել:

«Վերջին ամիսներին մենք ականատեսը դարձանք ռազմական հակամարտության ակտիվացմանը, կիրառվեց ծանր հրետանի, խոշոր տրամաչափի գնդացիրներ, հրանոթային ռեակտիվ կայանքներ, ինչը հանգեցրեց զոհերի աճի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ»,- ասել է Կարասինը՝ ընդգծելով.- «Հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար»: Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը և ակտիվ ջանքեր է գործադրում օգնելու հակամարտ կողմերին հասնելու փոխզիջումների:

«Վերջին շրջանում խորհրդակցությունների շարք է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների միջև, որի ընթացքում դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջ համալիր հարցերը: Հուսով եմ, որ նոր տարին սկսվելուց հետո, շուտով այդ աշխատանքը կշարունակվի: Բնականաբար, առանց ուշադրության չի մնա և ռազմական իրավիճակը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ-ի` ընթացիկ տարին ամփոփող հաղորդագրության մեջ Մոսկվան ընդգծել էր, որ Ռուսաստանը բոլոր հասանելի գործիքներն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար. «Ղարաբաղյան կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն տրամադրելու գործում` այդ նպատակով գործի դնելով բոլոր հասանելի գործիքները, այդ թվում նաև` հանդիպումները բարձրագույն և բարձր մակարդակներում,- տեղեկացրել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: Համապատասխան նախաձեռնությունները մանրամասնորեն քննարկվել են ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան և հունիսին Բաքու այցելությունների ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրվել են Հայաստանի (ապրիլին) և Ադրբեջանի (մայիսին) արտգործնախարարների Մոսկվա պաշտոնական այցերի ընթացքում»: «Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ կողմերին ուղղված հետևողական կոչ կա` հաստատելու իրենց հավատարմությունը  հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը և շարունակելու աշխատանքը, որն ուղղված է համընդգրկուն կարգավորմանը առկա առաջարկների հիմքի վրա»,-նշել էր ՌԴ ԱԳՆ-ն:

Մոսկվան, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր աշխուժություն մտցնելու փորձեր է անում: Դեկտեմբերին, մեծ ջանքերով, կազմակերպված Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, հավանաբար Ռուսաստանը ցանկանում է կրկին ցույց տալ, որ հենց Մոսկվան է Սարգսյանի և Ալիևի վրա արդյունավետ ազդելու հիմնական երկիրը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Պուտինը եռակողմ հանդիպումներ կազմակերպեց, բայց դրանցից հետո լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ոչ միայն չմեղմացավ, այլև ավելի լարվեց:

Հիմա, երբ միջնորդներն ամեն ինչ անում են, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունների կազմակերպումը և հանդարտությունը սահմաններին, Մոսկվան, կարծես, ձգտում է կրկին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում իր դերակատարությունն ընդգծել:

Մինչդեռ, սա, ըստ էության, նշանակում է, որ ինչ-որ բան Մոսկվային դուր չի գալիս ԼՂ կարգավորման գործընթացում: Հետաքրքիր է, թե ինչը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Պուտինը նոր հանդիպում է կազմակերպելու՞” հրապարակմանը