Իրանական շահերին և իրանամետ ուժերին գրեթե համաժամանակյա հարվածներ են հասցվում

Jan 05, 2016 Comments Off on Իրանական շահերին և իրանամետ ուժերին գրեթե համաժամանակյա հարվածներ են հասցվում
Սաուդական իշխանությունների կողմից իրականացված շիա հոգևորական Նիմր Բաղիր ալ-Նիմրի ակնհայտորեն սադրիչ մահապատիժը տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում բավական հետաքրքիր զարգացումների համատեքստում՝ զարգացումներ, որոնք, ըստ ամենայնի, միմյանց հետ եթե ոչ ծրագրավորման մակարդակում, ապա առնվազն իրենց ներքին տրամաբանությամբ փոխկապակցված էին և ուղղված իրանական ազդեցության սահմանափակմանը երկու տարածաշրջաններում էլ:
Խոսքը մասնավորապես գնում է 2015թ. վերջին Թուրքիայի վարչապետ Ա. Դավութօղլուի Բաքու կատարած այցի հետ գրեթե զուգադիպած ապշերոնյան Նարդարան ավանում իրանամետ շիա հավատացյալների հանդեպ ադրբեջանական ուժայինների կողմից ձեռնարկված աննախադեպ պատժիչ գործողության մասին, որին արդեն 2016թ. սկզբին հաջորդեց Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի Ռիադ կատարած այցի հետ գրեթե համընկնող իրանամետ շիա հոգևորականի գլխատումը և շիաների հանդեպ պատժիչ գործողությունները Սաուդյան Արաբիայում և վերջինիս արբանյակ Բահրեյնում:
Ստացվում է, որ իրանական շահերին և իրանամետ ուժերին գրեթե համաժամանակյա կերպով հարվածներ են հասցվում մի կողմից հյուսիսում՝ Ադրբեջանի տարածքում, իսկ մյուս կողմից հարավում՝ Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում, ինչը «տարօրինակ» կերպով գրեթե զուգադիպում է թուրքական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակացույցի հետ:
Ասվածի համատեքստում րամենևին պետք չէ ամենագես լինել հասկանալու համար, որ, ըստ էության, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ձևավորվում է ինչ-որ առումով նոր վերադասավորությամբ հակաիրանական դաշինք, որին մասնակցում են ոչ միայն Անկարայի ներկայիս սուննիադավան իսլամիստական վարչակարգը և Ռիադի վահաբական կառավարիչները, այլ նաև իրեն շիա պետության ղեկավար հորջորջող Բաքվի բռնապետը:

 

Վարդան Ոսկանյան 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: