ԱՆ-ը վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին

Jan 04, 2016 Comments Off on ԱՆ-ը վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին

Հանրապետությունում տարածված գրիպի վիրուսն ու եղանակային անբարենպաստ պայմանները տոնական օրերին մի շարք ցավալի դեպքերի պատճառ են դարձել:

Հունվարի 2-ին արձանագրվել է թոքաբորբով պայմանավորված մահվան դեպք: 20-ամյա Գրետա Տոնոյանը դեկտեմբերի վերջին Արմավիրի մարզի Գայ գյուղից հոսպիտալացվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: 26-շաբաթական հղիի մոտ, ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվության, առկա է եղել սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն: Մահացած երիտասարդ կնոջ հարազատները, սակայն, կատարվածի համար մեղադրում են բժիշկներին` նշելով, որ նրանք անհրաժեշտ բուժօգնություն չեն տրամադրել նրան:

Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ Գրետա Տոնոյանը նախ ընդունվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ` «սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ, տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Ի դեպ, Գրետան տարածված վարակների հետևանքով տուժած միակ հղի կինը չէ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ ահազանգ է ստացել նաև Գեղարքունիքի մարզից: Ծանր վիճակում` անգիտակից, ուղեղային կոմա նախնական ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն ընդունված 40-ամյա հղի Ս.Ս.-ի կյանքը փրկելու համար որոշվել է նրան տեղափոխել մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Ձյունածածկ ճանապարհներն ու մրրիկւը, սակայն, անանցանելի են դարձրել Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը։ Օգնության հասած ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ հաջողվել է շտապ օգնության ավտոմեքենան դուրս բերել ձնից, և հիվանդին հասցնել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Ինչպես հայտնում են նախարարությունից, հիվանդն այժմ բուժվում է կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում, մասնագետները նրա վիճակը գնահատում են բավարար։

Այսօր ևս նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզից: Բարձրալեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիի մոտ սկսվել է ծննդաբերական գործունեություն։ Վարդենիսի հիվանդանոցի շտապբուժօգնության մեքենան 22 կմ երկարությամբ դժվարանցանելի հատվածը գրեթե 3 ժամում կարողացել է հաղթահարել կրկին ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ։ Հղին բժշկի ուղեկցությամբ տեղափոխվել է  Վարդենիսի հիվանդանոց։

Նույն դժվարությամբ է  Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվել նաև հարևան Մաքենիս գյուղից երիկամաքարային խիթ ախտորոշումով 63-ամյա մի տղամարդ:

Այդուհանդերձ, Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է: «Ցավոք, ոմանք բժշկի են դիմում ուշացումով, զբաղվում ինքնաբուժմամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում, անկախ նրանից, որ տոնական օրեր են, գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակաբիոտիկներ»,- զգուշացնում է նախարարությունը` հավելելով, որ առաջացած  բարդություններն ու անցանկալի հետևանքները հիմնականում ուշ դիմելու արդյունք են։

Նախարարությունը նաև հայտնում է, որ տոնական օրերին լայն թափով շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ այցելում է բժշկական կազմակերպություններ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: