Աշխարհին սպառնում է խոզի գրիպի նոր վիրուս

Jan 04, 2016 Comments Off on Աշխարհին սպառնում է խոզի գրիպի նոր վիրուս

Խոզի գրիպի EAH1N1 նոր շտամը, որը հայտնաբերվել է ասիական երկրներում, կարող է օդակաթիլային ճանապարհով փոխանցվել մարդկանց ու իսկական համաճարակի պատճառ դառնալ:

Չինացի ու ճապոնացի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences of the United States of America ամսագրում հրապարակել են մի հետազոտության արդյունքներ, որի շրջանակում նրանք ավելի քան 30 000 խոզ են զննել Չինաստանում. պարզվել է, որ գրիպի առանձնացված շտամերից ամենատարածվածը EAH1N1-ն է: Կենդանիների մոտ այդ վիրուսը շրջանառում է 1979 թ. սկսած ու մասնագետների կարծիքով արդեն բավականաչափ ժամանակ է անցել, որպեսզի այն կարողանա ձեւափոխվել ու մարդկանց շրջանում գրիպի համաճարակ սադրելու ունակություն ձեռք բերել:

Չինաստանն այսօր խոզի մսի ամենախոշոր արտադրողներից մեկն է համարվում, դրա համար էլ գիտնականների խոսքով, այստեղ վիրուսը կարող է շատ արագ տարածվել: Չնայած խոզի գրիպի կանխարգելման համար պատվաստանյութ կա, բայց եւ այնպես Չինաստանում այն լայն կիրառում չունի:

Հոդվածագիրները նախազգուշացնում են. «Այս շտամի փոխանցումը մարդուն կանխելու համար պետք է գործել անհապաղ»:

Հիշեցնենք, որ խոզագրիպի հերթական շտամի՝ H1N1-ի բռնկումը, որը գրանցվել էր 2009 թ. արագ ձեռք էր բերել համավարակ հիվանդության բնույթ: Այն ժամանակ մեկ տարվա ընթացքում ավելի քան 12 000 մարդ էր զոհվել ամբողջ աշխարհում:

Գրիպի դեմ ներկա սեզոնային պատվաստանյութերն անարդյունավետ են EAH1N1-ի դեմ, ու եթե այդ շտամը տարածվի մարդկանց շրջանում, նրանց մեծ մասն անպաշտպան կլինի: Դրա նկատմամբ բնական հակամարմիններ ունի մեծահասակ բնակչության շուրջ 13 տոկոսը:

NEWS.am Medicine

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: