Ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով

Jan 04, 2016 Comments Off on Ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոն ընդունված 40-ամյա Ս.Ս.-ի վիճակը ծանր է և անհրաժեշտ է նրան տեղափոխել մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Հիվանդն ընդունվել էր անգիտակից վիճակում` ուղեղային կոմա նախնական ախտորոշումով։

Եղանակային անբարենպաստ պայմանները, սակայն, մեծ դժվարություններ էին առաջացրել, որպեսզի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բրիգադով շտապբուժօգնության մեքենան տեղ հասնի։ Մրրիկն անանցանելի էր դարձրել հատկապես Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը։ Օգնության հասած ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ հաջողվել է հաղթահարել ճանապարհի դժվարանցանելի հատվածը։ Մասնագետները տեղում զննել են հիվանդին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այժմ հիվանդը բուժվում է կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում, մասնագետները նրա վիճակը գնահատում են բավարար։

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի բարձր լեռնային Ախպրաձոր գյուղի բնակչուհի, 37-38 շաբաթական հղիի մոտ սկսվել է ծննդաբերական գործունեություն։ Վարդենիսի հիվանդանոցի շտապբուժօգնության մեքենան 22 կմ երկարությամբ դժվարանցանելի հատվածը գրեթե 3 ժամում կարողացել է հաղթահարել կրկին ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարների աջակցությամբ։ Մանկաբարձագինեկոլոգիական բրիգադը տեղում զննելով հղիին` ախտորոշել է նախածննդյան կծկանքներ։ Հղին բժշկի ուղեկցությամբ տեղափոխվում է Վարդենիսի հիվանդանոց։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ միասին կազմակերպվում է նաև հարևան Մաքենիս գյուղից երիկամաքարային խիթ ախտորոշումով 63-ամյա տղամարդու տեղափոխումը Վարդենիսի հիվանդանոց։

Նշենք, որ տոնական օրերին լայն թափով շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խմբերի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գլխավոր ինֆեկցիոնիստ ԱրաԱսոյանի հետ այցելում է բժշկական կազմակերպություններ: Մասնագետների կողմից հսկայական աշխատանք է տարվում գրիպով և այլ հիվանդների բուժման ուղղությամբ։ Իրավիճակը վերահսկելի է: Ցավոք, ոմանք բժշկի են դիմում ուշացումով, զբաղվում ինքնաբուժմամբ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում, անկախ նրանից, որ տոնական օրեր են, գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում: Մի զբաղվեք ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակման մի օգտագործեք հակաբիոտիկներ: Եթե առողջ եք` մի շփվեք հիվանդների հետ։ Եթե Ձ

եզ մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին: Չնայած բժիշկների անընդմեջ աշխատանքին և պայքարին, բարդություններն ու անցանկալի հետևանքները հիմնականում ուշ դիմելուարդյունք են։

Հիշեցնենք, որ տոնական օրերին ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում սահմանվել է հերթապահություն`անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն կազմակերպելու համար:

Հունվարի 2-ին արձանագրվել է թոքաբորբով պայմանավորված մահվան դեպք: 20-ամյա Գ. Տ.-ն դեկտեմբերի 31-ին հոսպիտալացվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: 26 շաբաթական հղիի մոտ առկա էր սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: