ՀՀ Ոստիկանության տգետ և չափազանց վտանգավոր վարքագիծը Զվարթնոց օդանավակայանում

Jan 05, 2016 2 Comments

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Բահրեյնի մի քաղաքացի, որը հետախուզվում է «ահաբեկչության» մեղադրանքով: Հայատարարությունում մասնավորապես ասվում է.

«02.01.2016 14:26
Հետախուզվում էր Բահրեյնի Թագավորության կողմից
հունվարի 1-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990 թ. ծնված Ֆադհել Ռ.-ին, ով 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ու 58 հոդվածիմեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/:
Ֆադհել Ռ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ` հետախուզումը նախաձեռնողին տեղեկացնելու համար:»

Ցավոք սրտի, ակնհայտորեն գործ ունենք ծառայամտության և պետական մարմինների տգիտության հերթական դրսևորման հետ:
Դեռևս 2011 թ. Բահրեյնում սկսված բողոքի ակցիաները, որոնք նախաձեռնել էր երկրի ճնշված շիա մեծամասնությունը՝ իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվեցին: Բազում շիա ակտիվիստներ՝ ահաբեկչության մեջ մեղադրվելով ձերբակալվեցին: Ըստ Բահրեյնի խստացված օրենսդրության՝ ամենամեղմ բողոքը կամ հավաքն այլևս հավասարեցված է ահաբեկչությանը: Բահրեյնի սուննի իշխող թագավորական ընտանիքին օգնության հասավ Սաուդյան Արաբիան, որը երկու երկրները կապող կամրջով տանկային կորպուս մտցրեց Բահրեյն և արյան մեջ ճնշեց բողոքի խաղաղ ակցիաները: Միջազգային դիտորդներն ու լրագրողները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ անգամ հիվանդանոցներում վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներն են իրենց մասնագիտական պարտականությունները կատարվելու համար բանտարկվել և ենթարկվել կտտանքների: Նույն այդ համատեքստում բազում շիա ակտիվիստների դեմ հայտարարված է հետախուզում՝ ահաբեկչության, զենք զինամթերք պահելու և գործածելու և այլ շինծու մեղադրանքներով: Միաժամանակ հայտնի է, որ սուննի ծայրահեղականներին և ահաբեկիչներին թագավորությունը սովորաբար չի հետախուզում և թույլատրում է նրանց անարգել ելքը դեպի Սիրիա և Իրաք՝ ԻՊ-ին միանալու համար:
Առանց վստահ պնդումներ կատարելու, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, Երևանում այսօր ձերբակալված բահրեյնցին հենց այդպիսի մի ակտիվիստ է: Ըստ միջազգային օրենքի՝ քաղաքացին չի կարող արտահանձնվել՝ ներառյալ իր քաղաքացիության երկիր, եթե նրա կյանքին այնտեղ կարող է վտանգ սպառնալ, կամ եթե անձը կարող է ենթարկվել կտտանքների: Մինչդեռ հայտնի է, որ Բահրեյնի թագավորությունում ոչ միայն կտտանքների են ենթարկում ընդդիմադիրներին, այլև շարիաթի դատարանով դատապարտում մահապատժի:
Յորաքանչյուր իրեն հարգող և ստրկամտությամբ չտառապող եվրոպական երկիր այսպիսի ձերբակալությունը /եթե, իհարկե հաստատվի, որ հետախուզվողը շիա ակտիվիստ է/ գաղտնի կպահեր՝ մինչ մանրամասների ճշտումը և եթե նման կասկածները հաստատվեին, ապա անպայմանորեն քաղաքական ապաստան կտար: Մինչդեռ Հայաստանը հպարտորեն, և վտսահաբար դա պատասխանատու պաշտոնյաների տգիտությունից բխող հպարտություն է, կատարում է միջազգային օրդերի պահանջները, անմիջապես հայտարարում այդ մասին և գործողություններ սկսում ձերբակալվածին հանձնելու ուղղությամբ: Անկասկած է, որ հապատասխան պաշտոնյաները հանդես կգան իրենց հատուկ միջակից ցածր ինտելեկտ արտահայտող բացատրական և ուսուցողական հայտարարություններվ թե իրենք պարտավոր էին իրականացնել միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի ձերբակալում, թե մեր երկրի պարտավորություններն են դա պահանջում և այլն: Նման աշակերտական տիպի պարզամիտ պատասխաններ՝ համեմված լրատվամիջոցների ուղղված ցածրաճաշակ վիրավորանանքներով բազմիցս հնչել են և նախկինում: Իսկ իրականությունն այն է, որ բազում երկրներ՝ քաղաքական նպատակներից ելնելով չեն իրականացնում նման օրդերներ, անգամ ինտերպոլով հետախուզվող անձանց հանդեպ, հատկապես, երբ այդ օրդերների իրականացումը մոտիվացված է հետախուզում հայտարարող երկրի կեղծ և անմարդկային քաղաքականությամբ և վնասում է մեղադրվող անձի գտնված վայրի երկրի շահերին: Բահրեյնը Հայաստանի համար բարեկամական պետություն չէ: Այն ավելի շուտ թշնամական տրամադրվածություն ունեցող երկիր է, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բահրեյնցի բազում սուննի ծայրահեղականներ կռվում են ջիհադիստական բանակներում, այլև, որովհետև այդ երկիրն Իսլամական Լիգայում այն մշտապես կողմ է քվեարկում Հայաստանի դեմ ուղղված բանաձևերին, ՄԱԿ-ում աչքի է ընկնում նույնպիսի գործողություններով և հանդիսանում է միջազգային մեծագույն չարիքներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի կամակատարան ու վասալը:
Նշենք, որ երեկ Սաուդյան Արաբիայում գլխատման միջոցով մահապատժի են ենթարկվել քառասունյոթ անձ, որոնցից երեքը շիա ակտիվիստներ և հռչակավոր շիա իմամ Շեյխ Նիմր ալ Նիմրը, որոնք երեքն էլ մահապատժի էին դատապարտվել ահաբեկչության կեղծ մեղադրանքներով և որոնց սպանությունը մեծ հուզումներ է բերել ողջ շիա աշխարհում և շարժել է Հայաստանի հարևան երկրի՝ Իրանի պաշտոնական զայրույթը:
Մինչ հետախուզվողին Բահրեյնին հանձնելը Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուսումնասիրել ձերբակալվածի անձը: Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հանցակից դառնալ անմեղ ակտիվիստի կտտանքներին կամ սպանությանը, որն ի կատար կածվի մահապատժի տեսքով և այս անգամ կհարուցի ոչ միայն շիաների, այլև բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող Իրանի զայրույթը:

 

Ինգա Թադևոսյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր

2 Անդրադարձ “ՀՀ Ոստիկանության տգետ և չափազանց վտանգավոր վարքագիծը Զվարթնոց օդանավակայանում” հրապարակմանը

  1. Avetis says:

    HAMAZAYN EM

  2. Ահարոնյան says:

    Միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու ձերբակալումը գաղտնի քննչական գործողություն չէ, իսկ ոստիկանությունը կատարել է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունը: Ինչ վերաբերվում է հանձնել- չհանձնելուն, ապա պետությունը հարցը լուծելու է ոչ թե հոդվածում առաջարկվող աճպարարությամբ, այլ՝ հանձնման մասին պահանջը միջազգային իրավունքով սահմանված կարգով ստանալով ու քննարկելով: Նման հարցերի վերաբերյալ <> վերլուծություն կատարելիս՝ առաջարկում եմ զերծ մնալ որակումներից ու գուշակություններից: