Ձմեռ պապից զենք են խնդրել. սահմանի ապաստարանում տեղ կա

Jan 02, 2016 Comments Off on Ձմեռ պապից զենք են խնդրել. սահմանի ապաստարանում տեղ կա

«2015 թվականին այցելեցի մի ընտանիքի, որն ապրում էր սահմանին շատ մոտ: Ընտանիքի փոքրիկ անդամը` տասնամյա Բաղրամյան Դավիթն էր, որը հպարտությամբ ընդգծում է, որ մարշալ Բաղրամյանի ազգանունն է կրում և Դավիթ դյուցազնի հետևորդն է»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով,  2015 թվականի ամենահիշարժան պահերին` ասաց  սահմանային «Իջևան» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը:

Խաչիկյանը նշեց, որ Դավիթը ունի ևս մեկ եղբայր ու քույր ու նրանց տունը ամենամոտն է սահմանին: Երբ Դավիթը նկարահանող խմբին ցույց է տալիս իրենց ապաստարանը` Նաիրա Խաչիկյանը չի կարողանում զսպել զարմանքը.«Ասեցի` Դավիթ,  ո ՞նց եք ողջ ընտանիքով թաքնվում մի մահճակալի տակ: Ասաց` դու էլ կարող ես գալ, երբ կրակում են մեր ապաստարանը մեծանում է: Այսինքն իրենք այնքան շատ են սեղմվում ու կուչ գալիս, որ բոլորը տեղավորվում են»:

«Դավիթն ասում է` ես ոչ մեկից չեմ վախենում, մեծանամ զինվոր եմ դառնալու, ու չէր զգում, որ արդեն զինվոր է: Սահմանին մոտ ապրող բոլոր երեխաներն են յուրահատուկ: Իմ եղբոր երկու բալիկները նամակ են գրել Ձմեռ պապին և զենք են խնդրել»,-փաստեց երկարամյա լրագրողը:

Նաիրա Խաչիկյանը իր ձեռքով բազմաթիվ փամփուշտներ է հավաքել հենակետային դիրքերից: Նաիրան այն նվիրյալներից է, որը դժվարությամբ հոգում է մարզային լուրեր ապահովելու գործը, երբ հեռուստաընկերության աշխատանքները կանոնակարգելու համար ֆինանսական աջակիցներ չունի:

«Դրանք այն փամփուշտներն են, որ կյանքեր են խլում: Վերցրել եմ ձեռքիս մեջ ու ցավ զգացել: Ասես սիրտս էր խոցվում: Ու միշտ պատրաստ եմ եղել բարձրանալու հենակետ ու լինել սահմանապահ զինվորի կողքին»,-եզրափակեց Նաիրա Խաչիկյանը:

Նաիրա Խաչիկյանը եկող 2016 թվականից խաղաղություն է ակնկալում.«Թող միայն բարի լուրեր հաղորդենք ու խաղաղ լինի Տավուշ աշխարհս»,-նշում է Նաիրան:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: