Առ այսօր մտածում եմ և չեմ կարողանում հասկանալ. Էդվարդ Սանդոյան

Mar 17, 2015 Comments Off on Առ այսօր մտածում եմ և չեմ կարողանում հասկանալ. Էդվարդ Սանդոյան

Ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը դեմ է առևտրային բանկերի կանոնադրական կապիտալի շեմի բարձրացմանը: Այս մասին տնտեսագետը հայտարարել է <<Կենտրոն>> հեռուստաընկերության <<Հայելու առաջ>> հաղորդման ժամանակ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից, բանկերի համար կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ սահմանվեց 30 մլրդ դրամը՝ գործող 5 մլն-ի փոխարեն: Սանդոյանի խոսքով` այս քաղաքականության նպատակը բանկերի խոշորացումն է, որին ԿԲ-ն վաղուց էր հետամուտ: <<Ես միշտ դեմ եմ եղել այդ քաղաքականությանը, ես հակառակի կողմնակիցն եմ: Գտնում եմ, որ փոքր ու միջին բանկերը խիստ անհրաժեշտ են մեր տնտեսությանը: Կա աշխարհի փորձը, կա բանկային համակարգում բազելյան վերահսկողության համաշխարհային մոդելը, որը փաստում է, որ փոքր ու միջին բանկերը արդյունավետ են: Սա իրականում մոտեցման հարց է, ես չէի ուզենա ո՛չ քննադատել, ո՛չ գովաբանել: Բայց ինքս գտնում եմ, որ սա ճիշտ մոտեցում չէ, որովհետև խոսքը միայն բանկերի քանակի կրճատման կամ միաձուլման մասին չէ, թեպետ սա նույնպես լուրջ խնդիր է, որովհետև այսօր միակ ոլորտը, որը մոնոպոլացված չէ, դա բանկային համակարգն է, հաջորդը, որտեղ իրական մրցակցություն կա, թերևս հասարակական սննդի ոլորտն է>>,- ասում է Էդվարդ Սանդոյանն՝ ավելացնելով, որ բանկային համակարգի կենտրոնացումը կարող է նոր վտանգավոր ռիսկեր բերել:

Ֆինանսների նախկին նախարարը դժվարանում է ասել, թե այս որոշմամբ ինչ խնդիր է լուծում ԿԲ-ն. << Դեկտեմբերի 30-ին որոշումը կայացվել է, առ այսօր մտածում եմ և, հավատեցեք, ինքս, որ վաղուց մասնագիտորեն զբաղվում եմ այս ոլորտով, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ խնդիր են լուծում>>,- նշեց Սանդոյանը:

Որպես հնարավոր դրական հետևանք՝ բանկային կապիտալի խոշորոցման,  Սանդոյանը նշում է միայն այն, որ խոշոր բանկը, տեսականորեն պետք է ավելի վստահելի լինի. <<Բայց ես սրան էլ համամիտ չեմ, որովհետև խոշոր բանկերը կրում են խոշոր ռիսկեր, փոքրերը՝ փոքր ռիսկեր>>:  Նրա խոսքով` աշխարհում ընդամենը մի քանի երկիր կա, որտեղ ընդունված է խոշոր կապիտալի պահանջ: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում ընդհանրապես նվազագույն կապիտալի պահանջ չկա, ՌԴ-ում ընդամենը 300 մլն ռուբլի է պահանջը /4,6 մլն դոլար, որը նոր է սահմանվել/: Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, եվրոպական մի շարք առաջադեմ այլ երկրներ այս ճանապարհով չեն գնացել: Սանդոյանի գնահատմամբ` բանային ռիսկերի նվազեցման այլ գործիքներ կան, և այդ առումով Հայաստանի կենտրոնական բանկի ընտրած ճանապարհը ամենարդյունավետը չէ: Սանդոյանը հիշում է, որ ինքը ժամանակին, որպես պրակտիկա, աշխատել է ԱՄՆ-ում գործող մի բանկում, որը հիմնադրվել է 1905 թվականին և 1997-ին ընդամենը 5 մլն կանոնադրական կապիտալ ուներ: <<Այսօր նույն բանկը ունի 20 մլն դոլար կապիտալ, բայց այդ բանկը փաստորեն, իրավունք չունի աշխատել Հայաստանում, որովհետև Հայաստանի չափանիշներով կանոնադրական կապիտալ չունի>>,- որպես օրինակ նշում է նախկին նախարարը և ավելացնում, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Հայաստանում շեշտը դրվեր ունիվերսալ բանկային համակարգի վրա, օրինակ՝ ստեղծվեին և ներդրումային բանկեր, որոնք բնակչությունից ավանդներ  չեն ստանում, սակայն ներդրումներ են կատարում, վարկեր են հատկացնում: Կարելի է գնալ նաև մասնագիտացված և տարածաշրջանային բանկեր ստեղծելու, օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր բացելու, կապիտալի շուկան լրջորեն հագեցնելու ճանապարհով:

Սանդոյանի խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգը բավական կայացած է. համեմատության մեջ ետխորհրդային տարածքի երկրների մեջ մենք ունենք լավ բանկային համակարգ, որի մասնագիտական ներուժն ուղղակի ափսոս է՝ այն չի՛ կարելի կորցնել:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: