Տարոն Մարգարյանն ընտրվել է ՃՇՀԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Sep 12, 2014 Comments Off on Տարոն Մարգարյանն ընտրվել է ՃՇՀԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում կշարունակի անել հնարավորը բուհի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ. «Անցած երեք տարիների ընթացքում, լինելով Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահը, մեր համատեղ աշխատանքը գնահատում եմ իսկապես արդյունավետ եւ վստահեցնում եմ, որ հաշվետու նոր ժամանակահատվածում եւս շարունակելու ենք աշխատել նույն սկզբունքով ու մոտեցումներով՝ է՛լ ավելի արդյունավետ դարձնելով մեր աշխատանքը ինչպես բուհի գիտամանկավարժական, այնպես էլ ուսանողական կոլեկտիվների հետ: Նոր ու առաջադեմ գաղափարների շուրջ համախմբվելով եւ կատարելագործելով գիտակրթական մեթոդներն ու մեխանիզմները՝ մենք համատեղ աշխատանքով, վստա՛հ եմ, որ կկարողանանք է՛լ ավելի ամրապնդել մեր բուհի տեղը Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների շարքում, ինչպես նաեւ կկարողանանք նոր ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրել: Ու համոզվա՛ծ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրը դրա համար բավարար կամք ու վճռականություն ունի: Բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ մեր բոլոր նախաձեռնություններում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանն իր հերթին վստահեցրել է, որ  բուհը կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները՝ բոլոր ուղղություններով ապահովել զարգացման նոր ընթացք:

Նիստի մասնակիցները հաստատել են նաեւ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու, ինչպես նաեւ ռեկտորի ընտրության կարգը:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի գիտխորհրդի քարտուղար Լեւոն Լեւոնյանը ներկայացրել է 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաեւ 2014թ. նախատեսված ծրագրերը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: