Հայտնի խնամիները կամ իշխանական խաչասերումներ /տեսաշար/

Jul 07, 2013 Comments Off on Հայտնի խնամիները կամ իշխանական խաչասերումներ /տեսաշար/

Հատկապես վերջին տարիներին իշխանական շրջանակներում, ինչպես հայտնի է, մոդայիկ են դարձան «էլիտար ամուսնությունները», այսպիսով իշխող ռեժիմի ներկայացուցիչները թերեւս տեսակի պահպանման խնդիր են փորձում լուծել, միավորում հարստությունը: Ավելին գործող ռեժիմի ներկայացուցիչները կարծես յուրօրինակ մարաթոն են սկսել, թե ով կկարողանա իր երեխային ավելի բարձրաստիճան պաշտոնյայի երեխայի հետ ամուսնացնել: Եւ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իշխանական հայտնի խաչասերումները, կամ ինչպես ասում են, ով ում է խնամի:
Սերժ Սարգսյանի ավագ դուստրն ամուսնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Արա Մինասյանի որդի Միքայել Մինասյանի հետ:Իսկ կրտսերը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդու հետ: Ռոբերտ Քոչարյանի դուստրը ամուսնացած է «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Մարինա Չատինյանի որդու հետ: Քոչարյանի մեծ որդու աներն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վոլոդյա Բադալյանը: Իսկ փոքրը Լեւոնը, բոլորը գիտեն, որ երգչուհի Սյուզան Մարգարյանի եւ դերասան Հրաչյա Հարությունյանի փեսան է: Իրար խնամի են Երեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանն ու Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին ամուսնացած է ԲՀԿ ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի  դստեր հետ: Վերջինի մյուս աղջկան էլ կնության է առել Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մարգարյանի որդին: Ծառուկյանի դստրերից մեկն էլ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանի հարսն է, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի կինը: Խնամիներ են նաեւ նախկին ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանը, նույն ինքը Խուճուճ Էդոն եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Իրար հետ են ամուսնացած նաեւ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական, ապա ՀՀԿ խմբակցության, իսկ հիմա ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանի, Բելաջիոյի Գրիշի դուստրը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդին: Խնամիներ են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը: Վերջինն աղջիկ է տվել Գառնիկիչի որդուն: Բոլորովին վերջերս ամուսնացան Գագիկ Բեգլարյանի դուստրը և դատավոր Գագիկ Խանդանյանի որդին: Տաշիր գրուպի Կարեն Կարապետյանն էլ Հրանուշ Հակոբյանի քույր Խաչանուշի խնամին է: Ամուսնացած են Կարապետյանի որդին եւ Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի դուստրը: Հայտնի խնամիներից են նաեւ ԱԺ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը եւ դատախազ Վարդգես Գեւորգյանը: Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դուստրն ամուսնացավ կալանավայրերի վարչության այլեւս նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի որդու հետ: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի դուստրը նախկին դատավոր Սլավիկ Թորոսյանի որդու հետ: Իրար խնամի են ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի նախկին տեղակալ Հայկ Միլիտոնյանն ու Էրեբունու նախկին ոստիկանապետ Ավետիք Մկրտչյանը: ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության նախկին պետ Ներսիկ Նազարյանի որդին ամուսնացավ մոսկվաբնակ հայ գործարարի դստեր հետ, ում կարողությունը 50-60 միլիոն դոլար է գնահատվում: Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի դուստրն էլ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առաջին տնօրեն, հայտնի դաշնակցական Ռուբինա Ղազարյանի որդու Սահրատ Պետրոսյանի կինն է: Ինչպես տեսնում եք, առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե իրականում քաղաքականության մեջ ով ում բարեկամն է: Հայտնի է, որ մի շարք պաշտոնյաներ, օլիգարխներ ու հասարակական – քաղաքական գործիչների զավակներն իրար հետ ընտանիք են կազմել ու երբեմն նաև հայրերի լեզուները կարճացնելու պատճառ դարձել:

Հ.Գ.-Ցանկն այսքանով, անշուշտ, չի սահմանափակվում:

Հ.Գ.-Ի դեպ, Էլիտար այս հարսանիքների ժամանակ կարեւոր բաղադրիչներից է նաեւ հարսանիքի քավորը, որն էլ ոչ պակաս էլիտար ծագում պետք է ունենա: Իսկ այս մասին հաջորդիվ:

Պատրաստեց Անի Սահակյանը

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: