Կաշխատե՞ն Հայաստանի անվտանգության բարձիկները

Mar 16, 2019 Comments Off on Կաշխատե՞ն Հայաստանի անվտանգության բարձիկները

Կաշխատե՞ն Հայաստանի անվտանգության բարձիկները
——————————————

Ժամանակակից շուկայական տնտեսությունը և բարեկեցիկ պետությունը հիմնված են հետևյալ հիմնական սյուների վրա՝

1.մասնավոր սեփականության անձեռնմխելիություն,

2. տնտեսական ու քաղաքական կատաղի, բայց օրինական մրցակցություն, քաղաքական կյանքի կուսակցականացում և բիզնես դաշտում բաժնետիրական կառավարման համակարգի լայնորեն կիրառում,

3. գործատուների և կառավարության սոցիալական պատասխանատվություն,

4. բանկային գաղտնիքի ապահովում և բանկային համակարգի սոցիալականացում,

5. տնտեսական ու քաղաքական արհեստական մենաշնորհների բացառում,

6. հարկային բեռի շուրջ պետություն–գործատու–աշխատուժ եռակողմ ողջամիտ պայմանավորվածություն,

7. աշխատուժի ինստիտուցիոնալ պաշտպանություն (իրական արհմիություններ),

8. վստահություն (ընտրական համակարգի, գործարար պայմանագրերի, ջենթլմենական համաձայնությունների, անկախ դատարանների և այլնի նկատմամբ),

9. հանրային տարբեր շերտերի շահերը ներկայացնող մամուլի միջոցների առկայություն և ներքին ծագման իրական քաղաքացիական հասարակություն,

10. կոմպետենտ կառավարում։

Մենք այս բոլոր կետերում խնդիրներ ունենք։ Բայց փոխարենը դրանք լուծենք, խորացնում ենք խնդիրները։

Օրինակ այսօր երկու վատ լուր ստացանք։ Երկուսն էլ պաշտոնական։ Մեկը վերաբերում էր, այսպես կոչված, մեղավորության կանխավարկածին, մյուսը՝ բանկային գաղտնիքին։

ԿԲ–ն հաստատեց, որ շրջանառության մեջ է դրվել առանց դատական վճռի գույքի բռնագանձում իրականացնելու կառավարության մտադրությունների փաստաթուղթը։

«Բարձր տնից» էլ իմացանք, որ իշխանությունները մտել են բանկային համակարգի մեջ ու մեկիկ–մեկիկ հոտոտել ֆիզանձանց վարկային պատմություններն ու բանկային շարժերը, այսինքն՝ բանկային գաղտնիքի հերն անիծվել է։

Եթե արդեն անցել են ֆիզանձանց ու մանր վարկառուներին, նշանակում է գանձարանը դատարկ է ու պատճառ են ման գալիս նպաստների վճարումները չկատարելու համար՝ բնականաբար ռազմահայրենասիրական հռետորաբանության ներքո։

Հավաստիացնում եմ ձեզ, որ այս երկու լուրերը շատ ավելի լուրջ հարված են մեր տնտեսությանն ու անվտանգությանը, քան ադրբեջանական զորքերի հարձակումը կարող էր լինել, քանզի թշնամու զորքը հարձակվում է ճակատից ու խնդիրը բոլորիս համար հասկանալի է՝ մոբիլիզացիոն ուժերով հետ մղել ու անցնել հակագրոհի, իսկ ահա տնտեսության հերն անիծվում է թիկունքից ու շատերը կարող են նույնիսկ ողջունել մեր տնտեսությանը հարվածողին։

Հայաստանը մտնում է ոչ թե տուրբուլենտության, այլ լրջագույն ցնցումների դաշտ։ Նախորդ դարի 90–ականների փլուզումները կարող են մանկական խաղ թվալ սպասվող ցնցումների հետևանքների համեմատ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: