Վիտյան Կենտրոնը հարմարեցնում է իր թայֆի չափերով

Mar 18, 2019 Չի մեկնաբանվել

Նոր Հայաստանում իշխանություններն ինչ անում են հանուն հպարտ քաղաքացիների են անում: Օրինակ բանանը նորից թանկացել է, որովհետև այն հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց:Ծխախոտն էլ շուտով կթանկանա, որովհետեւ դա հակացուցված է առողջությանը: Ալյուրը թանկացել է, որովհետեւ նոր իշխանությունը չի ուզում որ հպարտ քաղաքացիներն ավելորդ քաշ հավաքեն: Բենզինն են թանկացնում, դա մի շատ վտանգավոր նյութ է, որով քաղաքացիները ուզում են ինքնահրկիզվել քաղաքապետարանի կամ կառավարության շենքի մոտ: Եւ ահա, հերթը հասնում է ավտոկայանատեղիներին, եւ հատկապես Կենտրոնի, դա էլ թանկացնելու են, որովհետեւ ինչպես Կենտրոնի գլամուռ թաղապետ Վիկտոր Մնացականյանն է պարզաբանել, Երեւանի կենտրոնը ոչ թե մեքենաների այլ մարդկանց համար է.«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա»: Թաղապետը հայաստանյան ավտոկայանատեղիների գումարը համեմատել էր Մոսկվայի հետ.« Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի»: Մինչ հեղափոխությունը Փաշինյանը հայտարարում էր, թե կարմիր գծերը պետք է վերացնեն, դրանք թալանում են ժողովրդին, բայց հիմա հին թալանին նորն է գումարվում:

Ինչպես ասում են բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը: Նախ ծիծաղելի է համեմատվելը աշխարհի երկրների եւ մինչեւ անգամ Ռուսաստանի հետ հենց միայն այն պատճառով, որ դրա համար նախ պետք է հասնել աշխատավարձերի նույն սանդղակին , երբ դեռ գեթ մեկ աշխատատեղ չստեղծած այս իշխանությունը փակում է եղածները, երբ նորը չստեղծած քանդում է հինը, անել միայն քայլեր, որոնք կբարդացնեն առանց այն էլ նախորդների լծի տակ տասնամյակներ շարունակ կքած քաղաքացիների վիճակը, ավելի մեծ անբարոյականություն է: Այլ հարց է, որ գլամուռ թաղապետը որոշել է մայրաքաղաքի կենտրոնը հարմարեցնել միայն իր եւ իր կենսամակարդակն ունեցող էլտար թայֆի համար, իսկ մնացածին քաղաքակիրթ ճանապարհով տեղահանել մայրաքաղաքի ծայրամասեր:

Նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Վիտյան, տեղեկացնենք, որ նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է, սերտ կապեր ունի նախկին իշխանավորների հետ: «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի տնօրեն էր: Ունի առանձնատուն (150 քմ) և հողամաս (0,08 հա) (Դիլիջանում), ինչպես նաև երկու հողակտոր (0,0376 և 0,0538 հա): Վարում է Volvo XC 90 մակնիշի 2018 թվականի արտադրության ավտոմեքենա: Ի դեպ, այս մեքենայի արժեքն ընկերության կայքում տատանվում է 50-ից 100 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում: Եկամուտներն են՝ աշխատավարձից գոյացած մոտ 1 մլն դրամ և «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի 9 մլն դրամ շահաբաժինը: Ունի նաև 950 հազար ԱՄՆ դոլար և 112 մլն ՀՀ դրամ: Նա նաև «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Հաջորդ աղմկահարույց քայլը լինելու է  շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:  Դե, այս հարցում էլ կարող են չկասկածել, որ մի երկու շոու կարվի ու կանցնի կգնա: Այլապես, եթե մանսարդները քանդելու վճռականություն կա, Վիտյան պետք է սկսի նախեւառաջ Խանջյանի վրա գտնվող իր բնակարանից, որի գլխին հսկայական մանսարդ է վեր խոյացած:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Վիտյան Կենտրոնը հարմարեցնում է իր թայֆի չափերով”

Մեկնաբանել