Նիկոլի հեղափոխության մակաբույծները

Mar 18, 2019 Չի մեկնաբանվել

 

 

Օպերայի հրապարակում շարունակվում է սրճարանների քանդման գործընթացը: Սրճարաններում աշխատող մարդիկ պայքարի են դուրս եկել Երևանի քաղաքապետարանի դեմ, նրանք փակել են Մաշտոցի պողոտան, ոստիկանությունը  բախվել է ցուցարարների հետ : 22 անձ բերման է ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել են վարչական ակտեր:  Այսինքն` ամեն ինչ այնպես է, ինչպես հին ու բարի ժամանակներում էր, ոստիկանները ծեծում են քաղաքացիներին, բերման ենթարկում, տուգանում:

Որոշ սրճարաններում աշխատաղները սահմանել են շուրջօրա հերթապահություն, քանի որ մտավախոևթյուն ունեն, թե գիշերը կարող են քաղաքապետարանի քանդող բրիգադները մտնել նաև իրենց տարածքներ: Հանրային հեռուստաընկերության եթերում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարաններն էլ քանդվելու են` որոշակի էտապներով:

Արդեն երեկոյան հայտարարություն էր տարածել «Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը` կոչ անելով մյուս սրճարաններին դադարեցնել բողոքի ակցիաները և անցնել պայքարի դատական տարբերակին .«Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։

Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ։ Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե ու մենք դա հստակ գիտակցում ենք։

Կտրականապես դեմ լինելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ լարելու նոր ձևավորված ավանդույթին՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք միշտ եղել ենք աշխատանքային խնդիրները կարգավորելու ու երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակիցը։ Ցավոք այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով։

Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ։

Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն»,- ասված է հայտարարության մեջ:

Սա բավականին խորհրդանշական  քայլ է, եթե հաշվի առնենք, որ «Ջազվե» սրճարանում ևս սկսվել են քանդման աշխատանքներ, իսկ «Ջազվեի» իրական տերը, ըստ մամուլում տարածված  տեղեկությունների, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է` Միքայել Մինասյանը: Նախօրեին սոցկայքերում նաև գրառումներ կային, թե սրճարանների աշխատողների բողոքի ակցիան կազմակերպվել էր նախկին իշխանությունների կողմից:

Օպերայի շրջակայքում պատահական մարդիկ սրճարաններ ունենալ չեն կարող. սա հայտնի ճշմարտություն է: Բայց խնդիրն այստեղ անձերը չեն, երևույթն է: Իրավական տեսանկյունից  քաղաքպետարանը միշտ ուժեղ է. օպերան համարվում է մշակութային  հուշարձան,  որտեղ որոշակի շառավղով սեփականության իրավունքով մասնավոր տարածքներ լինել չեն կարող: Այսինքն` սեփականության իրավունք սրճարանների տերերը չունեն:  Ինչ վերաբերում է վարձակալության պայմանագրերին` ապա հողի տերը համայնքն է, ուստի քաղաքապետարանը միշտ, օգտվելով պայմանագրային կետերից,  կարող է քանդել օպերայի մոտ գտնվող ցանկացած կառույց:

Բայց, անկախ նրանից, որ սրճարաններն այդ  տարածքում ի սկզբանե չպետք է հայտնվեին, անկախ նրանից, ովքեր են տերերը, այս պահին մենք գործ ունենք աշխատող հիմնարկների հետ, որոնք մաուցում են ծառայություն, հարկեր վճարում, աշխատատեղ ապահովում: Ի վերջո,  կատարվել է ներդրում` կարևոր չէ ում կողմից: Մեր երկրին այսօր ամենաշատը ներդրումներ են պետք: Հետևաբար, կարելի էր առնվազն մի քիչ ավելի ողջամիտ ժամանակ տալ այդ տնտեսվարողներին` օրինակ 2-3 տարի, կարելի էր նրանց շանս տալ այս ընթացքում գործունեության այլ վայրեր  ընտրել և հետո նոր միայն քանդել: Վերջապես շատ վատ հանրային ուղերձ  է` տնտեսական հեղափոխությունը սկսել ինչ-որ բան քանդելուց, հատկապես երբ դու դեռ որևէ բան այս երկրում չես կառուցել:

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նիկոլի հեղափոխության մակաբույծները”

Մեկնաբանել