«Կհանդիպեմ բոլոր ցմահ դատապարտյալներին». Արտակ Զեյնալյան

Feb 22, 2019 Comments Off on «Կհանդիպեմ բոլոր ցմահ դատապարտյալներին». Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ունեցած իմ ելույթից ներկայացնեմ հիմնական ասելիքս.

Ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում: Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, թե՝ ոչ:
Մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Մարդիկ կան, որ 27 տարի ապրում են՝ խիստ ռեժիմով: Փոփոխություններ ենք անելու, որ ցմահ դատապարտյալները արժանանան ռեժիմի փոփոխության՝ իրենց վարքով, ընդհուպ՝ հասնեն բաց ռեժիմի և կարողանան գնալ արձակուրդ՝ մինչև 6 ամիս: Սրանով կհասկանանք, թե նրանք որքանո՞վ են ուղղվել, որքանո՞վ են հասարակական հարաբերություններն ընդունում:

ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա. մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության:

Դեռևս չկան վիճակագրական տվյալներ, սակայն մենք՝ բացի օրենքով նախատեսված մեր լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները:

Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և կրկին հանցանք են կատարել:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը լավացել է։ Իմ այս համոզման համար հիմք են ծառայում իրավապաշտպանների, դատապարտյալների և նրանց հարազատների հայտարարությունները։ Քրեակատարողական հիմնարկներում պակասել է հանձնուքների թիվը, իսկ հացի որակը էապես բարելավվել է։ Ես անձամբ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, փորձում ուտելիքը և անձնական զրույցներ վարում կալանավորների հետ այս թեմայով ։

Վերանայում ենք հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են պատժի կրման հետ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: