Ռուսական մամուլի արագ արձագանքը՝ Քոչարյան քաղբանտարկյալ

Feb 19, 2019 Comments Off on Ռուսական մամուլի արագ արձագանքը՝ Քոչարյան քաղբանտարկյալ

Ռուսական մամուլը շատ արագ է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներին՝ Մարտի 1-ի գործով։ Комсомольская правда-ն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքին, հրապարակել է «Հետխորհրդային տարածքում հայտնվեց առաջին քաղաքական դատապարտյալը» հոդվածը։

Կայքը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «հետհեղափոխական» Հայաստանում կատարվեց մի քայլ, որը հետխորհրդային տարածքում ոչ մի այլ իշխանություն չի կարողացել իրականացնել։ «Երևանում հայտնվեց առաջին քաղբանտարկյալը: Հենց այսպես են գնահատում մի շարք փորձագետներ Հայաստանի նախկին նախագահ Ռ. Քոչարյանին մեկուսարանում պահելը»,- գրում է ռուսական լրատվամիջոցը: Ռուս քաղաքագետ Ս. Մարկեդոնովը, խոսելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքից, նշել է, որ կոռուպցիոն գործով նոր մեղադրանքն ապաքաղաքականացնում է «Քոչարյանի գործ»-ը՝ նրան ներկայացնելով ոչ թե որպես պետական գործիչ, այլ սովորական կաշառք վերցնող:

Սա միակ դեպքը չէ, երբ ռուսական մամուլում կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է քաղաքական բանտարկյալ։ Հայաստանի  իշխանության հանդեպ նման մոտեցումը, հատկապես այս փուլում, երբ հայկական զինուժի հումանիտար օգնություն ցուցաբերող ստորաբաժանումները Սիրիայում են գտնվում, բավականին ուշագրավ է։ Թեպետ հնարավոր է, որ Սիրիա հայկական հումանիտար զորախումբ ուղարկելու որոշումը կայացվել է Մոսկվայի հարկադրանքով, այդ խնդիրն, ի դեպ, կար նաև նախկին իշխանությունների պարագայում, սակայն նախկինում նման դեպքերում գոնե միառժամանակ Մոսկվան չէր խառնվում Հայաստանի ներքին գործերին։ Չնայած Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած բոլոր քայլերին՝ նոր իրավիճակում Կրեմլը պաշտոնական Երևանի նկատմամբ ունի անվստահություն, և Քոչարյանի գործի մասին տրված կատեգորիկ գնահատականները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Թերևս Կրեմլը չի պատրաստվում հանձնել Քոչարյանին և դեռ կարող է օգտագործել նրա գործոնը Հայաստանի հեղափոխական իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ պրոցեսներն, ըստ ամենայնի, ավելի նկատելի կդառնան Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում, որտեղ Քոչարյանը ներգրաված է որպես մեղադրյալ։

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: