Փաշինյանի դաշնակիցների նյարդերը տեղի են տալիս. Ուժգին դիվանագիտական հարված

Feb 19, 2019 Comments Off on Փաշինյանի դաշնակիցների նյարդերը տեղի են տալիս. Ուժգին դիվանագիտական հարված

Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«ՀԱՊԿ-ը արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և պետք է հնարավորինս արագ կարգավորվի», – հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: Վերջինս միաժամանակ հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ անդամները պաշտպանել են Բելառուսի թեկնածուի նշանակումը:

Բելառուսի արտգործնախարարությունը պնդում է, թե անցած տարեվերջին ՀԱՊԿ-ի քարտուղարությունը որոշման նախագիծ է պատրաստել՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու վերաբերյալ, և որ Զասը դրանից հետո հանդիպել է կառույցի անդամ հինգ երկրների ղեկավարներին ու ստացել նրանց աջակցությունը:

«Դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաշվի առնելով՝ մենք ըմբռնումով մոտեցանք այդ հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չուներ Բելառուսի թեկնածուին հանդիպելու: Ակնկալում ենք, որ հայկական կողմը արդեն մոտ ապագայում կհաղորդի այդ հանդիպման հնարավոր ժամկետների մասին», – հայտարարել է Բելառուսի արտգործնախարարությունը, ընդգծելով՝ ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարող ես ամրագրել, եթե նույնիսկ դրանից օգտվելու որևէ հնարավորություն չունես:

Հիշեցնենք, որ Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված:

Հայաստանի իշխանություններն այս ընթացքում համառորեն պնդում էին, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ:

Ինչպես երևում է ՀԱՊԿ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս, նրանց հունից հանում է Փաշինյանի՝ ձգելու քաղաքականությունը: Հայաստանի դաշնակից պետության ԱԳՆ-ի կողմից նման որակումը, թե՝ «ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ», որ ամրագրես, ավելի քան կոշտ հայտարարություն է: Ավելին՝ դա կարելի է դիվանագիտական ապտակ համարել, լեզու, որով ընդունված չէ, երբ գործընկեր պետությունները միմյանց հետ խոսում են:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: