Նիկոլ Փաշինյանը Սիլվա Համբարձումյանի վերջին հույսը չէ

Feb 15, 2019 Չի մեկնաբանվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր գործ է հարուցվել կաշառք ստանալու մեղադրանքով։ Ինչպես մնացած բոլոր հանրահայտ կաշառքների գործերում, այս գործով ևս ցուցմունք տվողը, ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, գործարար Սիլվա Համբարձումյանն է։
Ինքը՝ Սիլվա Համբարձումյանը, Factor.am-ի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը, թե անձամբ կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին։
«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել և նրա դեմ նման ցուցմունք չեմ տվել, ես Մայրապետյան Սամվելի դեմ եմ ցուցմունք տվել։ «Մարտի 1»-ի հետ կապված էր, 2 միլիոն դոլար փոխանցում ունեի և ասում էին՝ ինչի՞ համար ես տվել, ես էլ չէի հիշում, հետո ասեցի՝ հա հիշեցի, Մայրապետյանին 2 միլիոն փոխանցել եմ կաշառքի համար։ Մայրապետյանն էլ ասաց՝ այո՛, փոխանցել ա, բայց չգիտեմ ինչի համար։ Այսինքն՝ Մայրապետյանը հաստատեց, որ փոխանցում իմ կողմից իրեն եղել է, բայց ինչի համար՝ չի ասել։ Իմ փոխանցումը փաստաթղթով հիմնավորված է։ Մայրապետյանն էլ մտերիմ ա Քոչարյանի հետ, դրա համար ինձ տարել էին հարցաքննության։ Ես գումար տվել եմ Մայրապետյանին, ես անձամբ Քոչարյանին գումար չեմ տվել։ Ես ասել եմ, որ Մայրապետյան Սամվելի հետ եմ գործ ունեցել, իրեն եմ տվել, մնացածը ի՞նչ ա եղել, ինձ չի հետաքրքրել»,- ասաց նա:
Գործարարն ասաց նաև, որ իր համար նույնիսկ զարմանալի է, որ իր անունը կապվում է Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ․ «Շատ զարմանալի էր, որովհետև Մայրապետյան Սամվելի հետ իմ հարցաքննումը և առերեսումը եղել է 2018-ի հոկտեմբերի 6-ին, և ամիսներ հետո ինչու՞ է շահարկվում, ինձ հայտնի չի։ Հոկտեմբերի 6-ից մինչ օրս ես «Մարտի 1»-ի գործով չեմ հարցաքննվել։ Իմ անունը Քոչարյանի հետ կապում են Մայրապետյան Սամվելով։ Մայրապետյան Սամվելին ես ինչի՞ համար պետք ա փող տայի, երևի որպես վարկած են այդպես մտածում»։
Հարցին՝ եթե կաշառք տալու վերաբերյալ հիմք չլիներ, արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք կառաջադրվեր, տիկին Համբարձումյանը պատասխանեց․ «Դե գիտեք ինչ, հենց ամբողջ էդ գումարները որ փոխանցվել են Մայրապետյան Սամվելին, դա արդեն կասկածի տեղ ա տալիս: Մայրապետյան Սամվելը ոչ մի պաշտոնական դիրք չէր զբաղեցնում»։ Ճշտեցինք, այսինքն՝ ենթադրելի է, որ Քոչարյանի՞ն է փոխանցվել այդ գումարը, Սիլվա Համբարձումյանն ասաց․ «Ինչի՞ մենակ Քոչարյանին, Սերժին էլ էին ասում։ Պրոստը գիտեք, ցավը նա է, որ Քոչարյանինը շահարկվում ա, Սերժինը չի շահարկվում, այսինքն՝ ուրեմն միտումնավոր ինձ հետ ուզում են որևէ մի բան կապել։ Երբ գործարք եմ արել, ես ասել եմ ինձանից ինչ են ուզել, ես փոխանցել եմ, իմ շնորհակալությունը հայտնել եմ, կաշառքի թեմա չի եղել։ Հիմա թե ոնց են մեկնաբանում, ի՞նչ են անում, ես չգիտեմ և այսքան ամիս հետո»,- ասել է նա։
Փաստորեն Սիլվա Համբարձումյանը ակամա, կամ էլ միտումնավոր բացահայել է շղթան․ գործարար Սամվել Մայրապետյանի դեմ իր նախկինում տված ցուցմունքը՝ կաշառք միջնորդություն, ենթադրում էր, որ կա նաև կաշառք վերցնողը։ Սրանով անուղղակիորեն հաստատվում են նաև այն տեղեկությունները, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Մայրապետյանին ամսիներ շարունակ կալանքի տակ պահելով, փորձում էին նրանից ցուցմունք կորզել Քոչարյանի դեմ։ Ըստ էության եթե Մայրապետյանը համաձայնվեր գնալ այդ քայլին, նա շատ արագ կազատվեր կալանքից։ Բայց քանի որ Մայրապետյանը Քոչարյանի դեմ ցուցմունք այդպես էլ չտվեց և իր անձնագիրը ետ ստացավ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո, նորից գործի դրվեց Սիլվա Համբարձումյանի տարբերակը։ Նա մի կողմից ասում է, թե անձամբ Քոչարյանին կաշառք չի տվել, մյուս կողմից էլ հայտարարում է, թե իր Մայրապետյանին տված կաշառքը փոխանցվել է Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
Ւշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը հասկացել են, որ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով Քոչարյանին կալանքի տակ պահելը իրավական տեսանկյունից բավականին թույլ գործ է, որովհետև նույն մեղադրանքն առաջադրված է մի քանի անձի նկատմամբ, սակայն կալանքի տակ է միայն Քոչարյանը։ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են ՄԻԵԴ դիմելու մասին և կանխատեսելի է, որ այնտեղից մեր դատական համակարգը կարող է հերթական ամոթալի հրահանգը ստանալ։

Քոչարյանին բանտարկելու սցենարը մինչև վերջ ավարտին հասցնելու գործում Սիլվա Համբարձումյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի վերջին հույսն է։ Բայց Փաշինյանը, հաստատ, տիկին Սիլվայի վերջին հույսը չէ, որովհետև նա մեկի հույսին մնացող չէ։ Ուստի Նիկոլն ամեն դեպքում թող զգուշանա Սիլվայից, որովհետև մի գեղեցիկ օր նա ցուցմունք կտա նաև Նիկոլի դեմ և գուցե կասի, որ ինքը կաշառք է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն իրականացնի։

Հայկ Դավթյան
Հ․ Գ․ Սիլվա Համբարձումյանի ապրած կյանքի ու տված կաշառքների դեմ հոլիվուդյան արկածային ժանրի ֆիլմերը գլուխները պատով են տվել։ Պետք է շտապել և ձեռք բերել նրա կյանքի ու տված կաշառքների մասին ֆիլմեր նկարելու հեղինակային իրավունքը։ Վաղը ուշ կլինի, իսկ այս կարգի հազվագյուտ կաշառատու գտնելու երկրորդ շանս դժվար թե լինի։

Հ․Գ․ Կաշառք տալն էլ պետք է չափ ու սահման ունենա՝ փաստորեն ում հասցրել, կաշառք է տվել սույն տիկինը։ Մնում է հասկանալ, թե էդքան փող որտեղի՞ց է ունեցել, կամ որ ունեցել է, կաշառք տալու իմաստը ո՞րն էր՝ նորից փող աշխատել և նորից կաշա՞ռք տալ։

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանը Սիլվա Համբարձումյանի վերջին հույսը չէ”

Մեկնաբանել