Նոր հարված. Ինչ ունի Փաշինյանը «զինանոցում»

Feb 16, 2019 1 Comment

Չեն մարում Սիրիա՝ հայկական մարդասիրական խմբի տեղակայումից հետո կրքերը… Արդեն պաշտոնական Վաշինգտոնն արձագանքվեց կատարվածին:

ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադառնալով Հայաստանից մասնագետների 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծել է, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Պետդեպարտամենտի` լրատվամիջոցների հարցումներին տրված պատասխանում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: – «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»:

Ապա պետդեպը պարզաբանել է, թե ինչու չի պաշտպանում. «ՌԴ-ն գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», ասում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հաղորդվեց, որ արդեն Հալեպում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83-հոգանոց խումբը: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և, հատկապես, Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Նույն օրը Մոսկվայում ընդունելով իր հայաստանցի գործընկեր Դավիթ Տոնոյանին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար՝ ասելով․ – «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»: Հայաստանի պաշտպանության նախարարն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ:

Իսկ նախօրեին էլ Տոնոյանը մեկ այլ սենսացիոն գնահատականով է հանդես եկել…

Նա, ընդգծելով, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը, և առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան, Դավիթ Տոնոյանը հավելել էր, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ. «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:

Այսպես, ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է հայաստանյան մասնագետների 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա: Այդ հայտարարությունն բավական արագ արձագանք էր, ինչը նշանակում է, որ հայկական կողմի քայլը դիտարկվել է որպես խիստ բացասական քայլ:

Ի՞նչ կհետևի այդ քայլին ԱՄՆ-ի կողմից՝ ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ արտաքին քաղաքականությունում այսպիսի վրիպումները չեն ներվում: Իսկ իշխանությունն արդեն ապացուցել է, որ անզգույշ է խաղում: Վառ օրինակ է՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչևէ, պաշտոնական Երևանը փորձում է շտկել իրավիճակը: Արդեն խնդիրը ՀՀ-ԱՄՆ հարթությունում է, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմը կարող է բարդություններ ունենալ:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության վերաբերյալ հարցին, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության արձագանքին: «Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով»: Ապա ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը կրկնել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: «Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հաստատումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը»:

Այնուհետև ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ. Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նոր հարված. Ինչ ունի Փաշինյանը «զինանոցում»” հրապարակմանը

Մեկնաբանել