«Ձեռք եմ տվել՝ խաղում եմ». Փաշինյանի շախը՝ Ալիևին

Feb 15, 2019 Չի մեկնաբանվել

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախը ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում», – երեկ ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելիս կառավարության ծրագիրը:

Հիշեցնելով, որ դեռ անցած տարվա մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում ասել է, թե որպես Հայաստանի վարչապետ՝ կարող է, պատրաստ է և պետք է բանակցի Հայաստանի անունից, սակայն չի կարող բանակցել Արցախի անունից, և ընդգծելով, որ «Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը», Փաշինյանը շարունակեց․ – «Եվ ըստ էության, բանակցային գործընթացում մեր կարևորագույն խնդիրներից և բանակցային շփումների մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Այս պատմությունը և այս մոտեցումը նոր չէ, և սա ունի նախկինից հայտնի մի քանի զարգացումներ՝ կարևոր զարգացումներ, և այս ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակություն»:

Փաշինյանն, այնուհետև, ավելի է ծավալվել այս թեմայով՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի:

«Որն է այդ բովանդակությունը․ ըստ էության՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում եղել է այս ընթացքում մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ՝ որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմը իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին», – նշել է նա՝ շեշտելով, որ իրականում այդ դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի․

«Խնդիրը հետևյալն է՝ ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին, և, ըստ էության, տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա: Ինչպե՞ս: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի խորհրդարանը ունեն մանդատ՝ ներկայացնելու նաև այդ մարդկանց»:

Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրբեջանը, իր հերթին, կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության վրա, մի շարք հարցեր է առաջացնում», մասնավորապես՝ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանին և Ադրբեջանի ժողովրդին, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցություններին»:

Փաշինյանն, այսպիսով, ամրապնդում է իր ավելի վաղ արած հավաստիացումներն այն մասին, որ ինքը չունի մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում: Հիշեցնենք, նա մի քանի անգամ հայտարարել է, որ արցախցիներն ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը և իրենց ներկայացուցիչները բանակցություններում:

Փաստացի Փաշինյանը բաց ասել է, որ քննարկումները, որոնք տեղի են ունենում ԼՂ-ի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ: Նա դա համարում է բավական լուրջ առաջընթաց: «… Որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ և ձևեր, և մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում, և մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում՝ էդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ», նշել է Փաշինյանը:

Այսպես, Փաշինյանն, ըստ էության, բացել է բանակցային գործընթացի որոշ դետալներ: Նա հստակ ասում է, որ քննարկումներ են ընթանում Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավման հարցով: Ավելին՝ նա ներկայացնում է պաշտոնական Բաքվի ներկայացրած մերժողական «արդարացման» անտրամաբանական լինելը, թե ինչու ադրբեջանական կողմը չի կարող ադրբեջանական համայնքի մասնակցության հարց բարձրացնել:

Փաշինյանն առաջնորդվում է այսպիսով՝ ձեռք եմ տվել՝ խաղում եմ… Ասել, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին՝ շարժվում ենք այդ ուղղությամբ:

Հետաքրքրականն այն է, որ նա նաև անուղղակիորեն պատասխանում է ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին. «Եթե մեր հարևանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր արձագանքը կլինի համարժեք: Հուսանք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից»:

Այս հայտարարությամբ էլ նա Ալիևին հասկացնում է, որ հանդիպումների պատրաստակամությունը չի նշանակում, որ հայկական կողմին կարելի է վախեցնել պատերազմով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “«Ձեռք եմ տվել՝ խաղում եմ». Փաշինյանի շախը՝ Ալիևին”

Մեկնաբանել