Արդեն «պատին են դեմ տալիս» ու բացատրություն պահանջում

Feb 15, 2019 Չի մեկնաբանվել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը՝ այսպիսով հերքելով լուրերը, թե բանավոր պայմանավորվածության հիման վրա է Հայաստանը 83 հոգանոց խումբ ուղարկել Սիրիա․ «Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան»:

Տոնոյանը հավելել է, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ․ – «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, ՀՀ-ն կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:

Ուշագրավն այն է, որ Տոնոյանն այս հայտարարությունն արել է մի հանդիպումից հետո…

Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։

Այսինքն, միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններից արդեն պարզաբանումներ է պահանջում՝ Սիրիա հայկական խումբ ուղարկելու որոշման հետ կապված:

Վերջին օրերին Հայաստանի իշխանական վերնախավի պարզաբանումների առատությունից կարելի է ենթադրել, որ գործընկեր պետություններն ու կազմակերպությունները պաշտոնական Երևանից պարզաբանումներ են պահանջում:

Դա է պատճառը, որ թե՛ Պնախարարի մակարդակով, թե՛ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն առատորեն արդարացնում են Սիրիա հայկական խմբի գործուղումը:

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ վստահ է, որ արևմտյան գործընկերները ըմբռնումով կմոտենան Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու որոշմանը: «Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը ընդունում է, որ հանրությունը՝ այդ թվում իրենք պաշտպանության հանձնաժողովում դեռևս չունեն մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, թե, օրինակ, որտեղ է տեղակայվելու մասնագիտական խումբը, ով է հայ բժիշկների և սակրավորների անվտանգությունն ապահովելու և այլն: Նա հույս ունի, որ առաջիկայում Կառավարության հետ քննարկումների արդյունքում կստանան բոլոր հարցերի պատասխանները:

Նկատենք, սակայն, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 83 հայ մասնագետների Հալեպ գործուղվելու մասին հայ հանրությունը տեղեկացավ փաստի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումից հետո միայն:

Ու հիմա հետաքրքրականն այն է, որ անգամ ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է արձանագրում, որ կան անպատասխան մնացած հարցեր:

Եթե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն անգամ բացատրություն չունի, այլ՝ Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերում ի՞նչ ակնկալենք իշխանության քայլերից…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Արդեն «պատին են դեմ տալիս» ու բացատրություն պահանջում”

Մեկնաբանել