Վարչապետը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից

Feb 13, 2019 Comments Off on Վարչապետը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի գրառմանը, որը օգտատերը ինչ-ինչ պատճառով ջնջել է էջից: Ստորև ներկայացնում ենք նրա գրառման պատճենը:

«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- գրել է Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում փոխզիջման պատրաստակամություն հայտնած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին անվանել էր անհայրենիք, իսկ երեկ էլ Factor.am-ին տված հարցազրույցում պատգամավորը հայտարարել էր՝«Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»։ Նա, ի դեպ, նշել էր, որ եթե «իր վերադասը», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրի այլևս նման հայտարարություններ չանել, նա այդ պահանջը կկատարի։ Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը ԱԺ պատգամավոր է, և Կառավարության ղեկավարը չի հանդիսանում նրա վերադասը։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: