Ինչու պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ, հազարավոր ընտանիքներ կան. Հայկ Մարության

Feb 12, 2019 Comments Off on Ինչու պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ, հազարավոր ընտանիքներ կան. Հայկ Մարության

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր Երևանի ավագանու հերթական նիստին բարձրացրեց Լեոյի 35 հասցեում գտնվող մարդկանց բնակարանային հարցը:

«Խնդրի մասին ավագանու նիստի ընթացքում էլի բարձրաձայնել եմ, շատերն այստեղ ասացին` վայ, վույ, գնանք նայենք, բայց միայն Արթուր Իսպիրյանը գնաց և հիմա էլ կապի մեջ է այդ ընտանիքի հետ: Տարատեսակ բարդ համադասական, ստորադասական նախադասություններ կազմելով, ածականներ օգտագործելով չեմ կարող նկարագրել, թե դա ինչ հյուղակ է: 91թ.-ից սկսած դիմում բողոքների տրցակ կա, բոլոր քաղաքապետերին դիմել են, որևէ մեկը հարցը չի լուծել և նույնիսկ չի այցելել այդ գետտոն, որ գտնվում է Երևանի կենտրոնում` Փակ շուկայի հետնամասում: Ես չեմ կարող ներկայացնել, թե դա ինչ հյուղակ է: Դիմում-բողոքների տրցակ կա, բայց ոչ մեկը դեռևս չի այցելել այդ գետտո: Դրան «տուն» ասելը անշնորհակալ բան է, սարսափելի և զազրելի տեսարան է»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ մի քանի օր առաջ տասնմեկ ժամ շարունակ ընդունել է քաղաքացիներին, և նրանց իննսուն տոկոսը նույն խնդիրներով են եկել: «Մի կին, որն ապրում է գործարանում, ընտանիք, որ երեխաները բրոնխիտ են, որովհետև տունը խոնավ է, մի խոսքով ահավոր իրավիճակ է: Այդ գումարները ո´չ իմն են, ո´չ ձերն է, համայնքինն է: Ավագանին թող որոշում կայացնի, որ այս մարդկանց տալիս ենք այսքան տուն, կամ առաջին հազար ընտանիքին բավարարում ենք, բյուջեն սպառվում է: Ոնց որոշեք՝ այդպես կանենք, ինչո՞ւ ես պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ: Ասեմ ավելին՝ կան հազարավոր ընտանիքներ, որ դա էլ չունեն, ոչինչ չունեն, ուղղակի վարձով են ապրում, հենց վերջանա վարձի գումարը, դուրսն են մնալու»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ չգիտի այդ մարդկանց ինչ պատասխանել և բոլորին ուզում է օգնել:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: